Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը լուրջ քննադատության է ենթարկել երկրի արտաքին գործերի նախարարությունը եւ դրա ղեկավար Էլմար Մամեդյարովին:

«Հունիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման ժամանակ երկրի ողջ ղեկավարությունը աշխատավայրերում էր, բացառությամբ արտաքին գործերի նախարարի: Ես չկարողացա գտնել նրան, նա աշխատավայրում չէր»,- չորեքշաբթի կառավարության նիստում ասել է Իլհամ Ալիեւը:

Նա դժգոհել է նախարար Էլմար Մամեդյարովի պահվածքից՝ նրան մեղադրելով անպատասխանատվության համար: Ալիեւը, դիմելով վարչապետին, խնդրել է իրեն տեղեկացնել Մամեդյարովի հետ նրա երկխոսության մասին:

Վարչապետ Ալի Ասադովն ասել է, որ Մամեդյարովը ցերեկը ժամը 3-ին տանն է եղել: «Ես հարցրեցի՝ ինչո՞ւ եք տանը, դուք պետք է լինեք աշխատասենյակում եւ կատարեք նախագահի հանձնարարությունները»,- ասել է վարչապետը:

Այնուհետեւ Ալիեւը դժգոհել է, որ ԱԳՆ ղեկավար Մամեդյարովը հայկական կողմի հետ քննարկել է կորոնավիրուսի դեմ պայքարում համագործակցության հարցեր: «Հայաստանի հետ ի՞նչ համագործակցության մասին կարող է խոսք լինել»,- ասել է Ալիեւը: