Ռուսաստանի եւ Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Հասան Ռոհանին հեռախոսազրույցի ընթացքում միմյանց տեղեկացրել են կորոնավիրուսի տարածմանը հակազդելու ուղղությամբ ձեռնարկված միջոցների մասին: Կրեմլի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը համաճարակի դեմ պայքարում, այդ թվում՝ առողջապահության նախարարությունների միջոցով:

Կողմերը մանրամասն քննարկել են իրանական միջուկային ծրագրին ուղղված Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի իրականացման տարբեր ասպեկտներ: Վլադիմիր Պուտինը շեշտել է, որ ԳՀՀԾ-ն շարունակում է կարեւոր համաձայնագիր մնալ, որը նպաստում է գլոբալ կայունությանը եւ անվտանգությանը:

Հասան Ռոհանին հաստատել է Իրանի հանձնառությունը ԳՀՀԾ-ին եւ իրավահավասար եւ կառուցողական համագործակցության պատրաստակամությունը՝ ինչպես դրա բոլոր մասնակիցների հետ, այնպես էլ ՄԱԳԱՏԷ-ի շրջանակներում, եւ շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի հետեւողական դիրքորոշման համար միջուկային համաձայնագրի պահպանման եւ իրագործման օգտին:

Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ կարծիքներ փոխանակելիս առաջնորդները նշել են Իրանի կողմից 2020 թվականի հուլիսի 1-ին Աստանայի գործընթացի երաշխավոր երկների հետ կազմակերպված եռակողմ վիդեոկոնֆերանսի արդյունքում ընդունված որոշումների ակտուալությունը: Այս համատեքստում ընդգծվել է երկկողմանի տրամադրվածությունը հետագա սերտ համագործակցության համար՝ Սիրիական Արաբական Հանրապետությունում երկարատեւ խաղաղության հասնելու եւ մարդասիրական իրավիճակի բարելավման նպատակով:

Անդրադարձ է եղել երկկողմ օրակարգի մի շարք հրատապ թեմաների, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում խոշոր համատեղ նախագծերի իրականացմանը:
Իրանի նախագահը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ համառուսական քվեարկության հաջող անցկացման կապակցությամբ: