Վերջին օրերի իրականությունը մեզ ստիպում է հավատալ, որ Բաքուն ընտրել է ղարաբաղյան հիմնախնդիրը լուծելու ռազմական տարբերակը՝ բացահայտորեն հարձակվելով Հայաստանի վրա: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի Վալանս քաղաքի ղեկավար Նիկոլաս Դարագոնը:

«Հուլիսի 12-ից Ադրբեջանը հարձակում է սկսել հայկական տարածքի վրա՝ Հայաստանի հյուսիս-արեւելքում գտնվող Տավուշի սահմանամերձ շրջանում: Մեզ շատ է անհանգստացնում մեր հայ բարեկամների եւ հատկապես մեր քույր-քաղաք Իջեւանի վիճակը:

Այս տարածաշրջանում, որը իսկական վառոդի տակառ է՝ ենթակա ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ խաղաղ բանակցությունների քմահաճույքներին, ցանկացած ուժային գործողություն կարող է բոլորին քաոսի մեջ գցել:

Ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի զինծառայողների մահվան դեպքերին ավելանում են խաղաղ բնակչության տառապանքները՝ Չինարի, Մովսես հայկական գյուղերի եւ նույնիսկ Բերդ քաղաքի ռմբակոծությունների հետեւանքով:

Իջեւանը՝ մեր քույր-քաղաքը, Տավուշի գլխավոր քաղաքն է: Մենք անհանգստացած ենք նրա բնակչության վիճակով: Մենք ցանկանում ենք նրան հայտնել մեր լիակատար աջակցությունը:

Մի քանի օր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը խոսեց պատերազմի մասին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համատեքստում: Վերջին օրերի իրականությունը մեզ ստիպում է հավատալ, որ Բաքուն ընտրել է հակամարտությունը լուծելու ռազմական տարբերակը՝ բացահայտ հարձակվելով Հայաստանի վրա:

Ես վճռականորեն դատապարտում եմ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան եւ միջազգային օրենսդրությամբ սահմանված ու ճանաչված սահմանների խախտումը, ինչը մի գործողություն է, որը պետք է դատապարտվի:

Հուսով եմ, որ մեր ազգային իշխանությունները կպահանջեն, որ Բաքուն դադարեցնի իր ռազմական գործողությունները Հայաստանի դեմ, եւ հուսով եմ, որ միջազգային հանրությունը վճռականորեն դեմ կարտահայտվի այդ ագրեսիային, որը կարող է խաթարել Հարավային Կովկասի տարածաշրջանում անկայուն հավասարակշռությունը:

Հիշեցնում եմ, որ ֆրանսախոս երկրների վերջին միջազգային գագաթաժողովը տեղի է ունեցել Հայաստանում, եւ սա մի երկիր է, որի հետ Ֆրանսիան պատմականորեն ունեցել է առավել սերտ կապեր: Մեր երկրի անգործությունը ագրեսիայի հանդեպ հանդուրժողականության անընդունելի ազդանշան կլիներ»: