Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն Եվրամիության Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ քննարկել է Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանային իրավիճակը, ինչպես նաեւ Վրաստանի եւ Հարավային Օսիայի սաահմանի իրավիճակը, հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից:
Կլաարի հետ Ռուդենկոյի հեռախոսային զրույցը տեղի է ունեցել այսօր ԵՄ կողմի նախաձեռնությամբ:
«Անդրադարձ է կատարվել վերջին իրադարձությունների համապատկերին ադրբեջանա-հայկական սահմանին իրավիճակի սրմանը: Արտահայտվել է հակամարտող կողմերի առավելագույն զսպվածության դրսեւորման, հետագա էսկալացիայի տանող գործողություններից եւ հայտարարություններից հրաժարման կարեւորության, ինչպես նաեւ հրադադարի ռեժիմին հետեւելու պարտավորությունների կատարման անհրաժեշտության միաձայն ըմբռնում»,- նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Զրույցի ժամանակ նաեւ քննարկվել է վրացա-հարավօսական սահմանին ընթացիկ իրավիճակը՝ եղած բանակցային հնարավորությունները ապաքաղաքականացված հունում գործարկելու անհրաժեշտության շեշտադրմամբ, ներառյալ առաջին հերթին Էրգնեթիում միջադեպերի կանխարգելման եւ արձագանքման մեխանիզմները, հայտնել են գերատեսչությունից:
«Հաստատվել է հետագա աջակցություն ցույց տալու պատրաստակամությունը մնացած չկարգավորված հարցերի փոխընդունելի հանգուցալուծումներ որոնելիս»,- հավելել են ՌԴ ԱԳՆ-ից:




























