Հայաստանի արտգործնախարարությունը գնահատական է տվել Թուրքիայի մասնակցությանը եւ գործողություններին՝ ինչպես ղարաբաղյան հակամարտության մեջ, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանին վերջին սրացումների հետ կապված: Այս մասին հուլիսի 18-ին ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
«Վերջին հայտարարությունը նյարդային արձագանք է ստացել Թուրքիայի կողմից: Թուրքիան չի կարող որեւէ դեր ունենալ, առավել եւս պատմական առաքելություն իրականացնել՝ ո՛չ հակամարտության մեջ, ո՛չ տարածաշրջանում: Թուրքիան արդեն ցեղասպանության կնիք է թողել տարածաշրջանում, եւ առաջին բանը, որ պետք է նախաձեռնի թուրքական կողմը, դրա հետեւանքները վերացնելն է: Մենք կոչ ենք անում Թուրքիային դրանով զբաղվել, այլ ոչ թե ոգեւորությամբ մասնակցել հերթական հակահայկական նախաձեռնությանը»,- ընդգծեց Աննա Նաղդալյանը:





























