Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է ադրբեջանական ԶԼՄ-ների ապատեղեկատվությունը, ըստ որի՝ Սերբիայից եւ Ռուսաստանից Վրաստանով ականանետեր են տեղափոխվել Հայաստան:
Ինչպես հաղորդում է «Ինտերպրեսնյուզ»-ը, վկայակոչելով ԱԳՆ մամուլի ծառայությանը, Վրաստանը եւ Ադրբեջանը կապված են ռազմավարական գործընկերությամբ եւ երկու ժողովուրդների միջեւ վաղեմի բարեկամությամբ, ինչը զարգանում եւ խորանում է:
«Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը տարածել է ապատեղեկատվություն, որը պարունակում է բազմաթիվ անճշտություններ: Ցավոք, ադրբեջանական իբր լուրջ ինտերնետային լրատվամիջոցը կողմնակալ կերպով նկարագրում է փաստերը, մոլորեցնում է հասարակությանը եւ փորձում է ստվեր գցել վրաց-ադրբեջանական ռազմավարական գործընկերության եւ բարեկամության վրա:
Կրկին ընդգծում ենք, որ Վրաստանն ու Ադրբեջանը կապված են ռազմավարական գործընկերությամբ եւ երկու ժողովուրդների միջեւ վաղեմի բարեկամությամբ, ինչը զարգանում եւ խորանում է, երկու երկրներն էլ կարեւոր դեր են խաղում տարածաշրջանում, այդ թվում՝ համատեղ իրականացնում են բազմաթիվ նշանակալի տարածաշրջանային եւ միջազգային նախագծեր: Այս հոդվածը միտումնավոր բնույթ է կրում եւ ուղղված է երկու երկրների՝ ռազմավարական գործընկերների միջեւ արհեստականորեն խնդիր ստեղծելուն»:





























