SpaceX-ի հիմնադիր եւ Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը բացահայտել է մարդկանց չիպավորման առավելությունները։ Նրա խոսքերը Twitter-ում մեջբերում է LAD Bible-ը:
Խոսելով Neuralink-ի ուղեղի իմպլանտի մանրամասների մասին՝ Մասկն ասել է, որ չիպավորված մարդիկ հնարավորություն կունենան վերահսկել հորմոնների մակարդակը: Ըստ նրա՝ մարդը կկարողանա հանգիստ ազատվել տագնապից կամ կենտրոնանալ մտքերի վրա, փոխանցում է «Լենտա»-ն։
Բացի այդ, Մասկի կարծիքով, չիպը թույլ կտա երաժշտություն լսել, որը անմիջապես դեպի ուղեղ կգնա։ «Հիանալի գործառույթ է»,- մեկնաբանել է գիտնական Օսթին Հովարդը:
Մեկ այլ օգտատիրոջ հարցին ի պատասխան, ով հետաքրքրվել էր՝ կարո՞ղ են արդյոք Neuralink-ի սարքերն անհրաժեշտության դեպքում խթանել օքսիտոցինի, սերոտոնինի եւ այլ քիմիական նյութերի արտազատումը, գործարարը դրական պատասխան է տվել։
Մայիսին Մասկը հայտարարել էր, որ իր Neuralink ընկերությունը պատրաստ է շուտով չիպ տեղադրել մարդու ուղեղում: Ըստ նրա՝ մեկ տարվա ընթացքում կավարտվեն իմպլանտի ստեղծման աշխատանքները, ինչը հնարավորություն կտա հիվանդներին վերականգնել ուղեղի վնասվածքի պատճառով կորցրած տեսողությունը, լսողությունը կամ վերջույթների շարժունակությունը: Միլիարդատերը պարզաբանել էր, որ իմպլանտը տեղադրվում է գանգի ոսկորների տակ, միանում է ուղեղին էլեկտրոդի միջոցով եւ սկսում է գործել որպես մարդու օրգան:




























