Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը վերահաստատել է իր մտավախությունները արհեստական ինտելեկտի ապագայի վերաբերյալ՝ ասելով, որ նրանք, ովքեր չեն հավատում, որ համակարգիչը կարող է գերազանցել իրենց ճանաչողական կարողությունները, «շատ ավելի հիմար են, քան կարծում են», հայտնում է BI- ն:
«Մենք պետք է անհանգստացած լինենք նրանով, թե ուր է շարժվում ԱԻ-ն։ Որքանով ես տեսնում եմ, ԱԻ-ի հարցում ամենից շատ սխալվում են խելացի մարդիկ, քանի որ նրանք չեն կարող պատկերացնել, որ համակարգիչը կարող է իրենցից շատ ավելի խելացի դառնալ: Դա է նրանց տրամաբանության թերությունը: Նրանք պարզապես շատ ավելի հիմար են, քան կարծում են»,- ասել է նա:
Մասկն ավելի վաղ ասել էր, որ ԱԻ-ն շատ ավելի մեծ սպառնալիք է ներկայացնում մարդկության համար, քան միջուկային զենքը, եւ կոչ է արել կանոնակարգեր մշակել ԱԻ տեխնոլոգիայի զարգացումը վերահսկելու համար: «Կարծում եմ, որ ԱԻ-ն շատ ավելի վտանգավոր է, քան միջուկային մարտագլխիկները»,- ասել էր Մասկը 2018 թվականին:
Facebook-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը համաձայն չէ Մասկի հետ՝ պնդելով, որ ԱԻ-ն արդեն կատարելագործել է բժշկական օգնությունը եւ կարող է նվազեցնել ավտովթարները՝ միեւնույն ժամանակ գերհոռետեսությունն ԱԻ-ի կապակցությամբ «բավականին անպատասխանատու» անվանելով:




























