Վերջին մի քանի օրերին Երեւանի գրեթե բոլոր բենզալցակայաններում բենզինի գները դարձյալ աճ են արձանագրել: «Ռեգուլյար» տեսակի բենզինի 1 լիտրն արդեն արժե 460 դրամ` նախկին 450 դրամի փոխարեն, իսկ «Պրեմիում» տեսակի բենզինի գինը հասել են 480 դրամի:
Տեղեկություններ կան, որ բենզինի մեծածախ վաճառողները որոշել են բենզինի գինը միանգամից 20-25 դրամով բարձրացնել, սակայն աղմուկից խուսափելու համար որոշել են առայժմ բավարարվել գինը 10 դրամով բարձրացնելով:
Ուշագրավ է, որ բենզինը թանկանում է այն ժամանակ, երբ միջազգային շուկայում նավթամթերքն էժանանում է: Երեկ Նյու-Յորքի ապրանքային բորսայում նավթի 1 բարելի գինը, նախորդ օրվա համեմատ, նվազել է մոտ 5 դոլարով եւ վաճառվում է մոտ 112, 98 դոլարով:
Նկատնեք, որ միջազգային շուկայում նավթի գների անկում է արձանագրվում մայիսի 1-ից: Տեղեկություններ կան, որ բենզինի գինը Հայաստանում կարող է պահպանվել այս մակարդակի վրա, եթե միջազգային շուկայում նավթի գինը շարունակի նվազել: Բենզինի շուկային քաջատեղյակ դիտորդների պնդմամբ, հավանականությունը մեծ է, որ շուտով մեկ լիտր «Ռեգուլյար» տեսակի բենզինի մեկ լիտրի գինը հատի 500 դրամի սահմանագիծը:
NEWS.am-ը փորձեց բենզինի գնի բարձրացման պատճառների վերաբերյալ մեկնաբանություն ստանալ Հայաստանում բենզինի առեւտրով զբաղվող ընկերություններից: «Ֆլեշ» ընկերության փոխտնօրեն Մուշեղ Էլչյանը, առանց լսելու հարցը, կոպիտ տոնով հայտարարեց, թե մեր ոչ մի հարցի չի պատրաստվում պատասխանել: «Ես ձեր ոչ մի հարցի չեմ պատասխանելու, կապ չունի, թե ինչ հարցի, ինչ ուզում ա լինի»,-հայտարարեց Էլչյանը` կասկածի տակ դնելով NEWS.am-ի թղթակցի ինքնությունը: «Ես ի՞նչ իմանամ` դուք ով էք»,-հայտարարեց նա:
Բենզինի առեւտրով զբաղվող մեկ այլ ընկերության`«Միկա Քորփորեյշնի»-ի մամուլի ծառայությունից բավարարվեցին հայտնելով, թե ընկերությունը Հայաստանում շատ քիչ քանակությամբ բենզին է ներկրում եւ «Հայաստանում բենզինի գնային քաղաքականության վրա չի ազդում»:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը նույնպես հետեւում է բենզինի շուկայում տիրող իրավիճակին: ՏՄՊՊՀ-ից NEWS.am-ին հայտնեցին, որ Հանձնաժողովի մոնիտորինգային խումբը զբաղվում է բենզինի գների ուսումնասիրությամբ եւ առաջիկա օրերին կամփոփի արդյունքները:





























