Լեհաստանը մտադիր է դուրս գալ Ստամբուլի կոնվենցիայից: Արդարադատության նախարարությունը պաշտոնական դիմում կներկայացնի ընտանեկան գործերի, աշխատանքի եւ սոցիալական քաղաքականության նախարարություն՝ համապատասխան գործընթացը սկսելու համար: Այս մասին ավելի վաղ հայտարարել էր Լեհաստանի արդարադատության նախարար Զբիգնեւ Զյոբրոն:

Ըստ նրա՝ Ստամբուլի կոնվենցիան «վնասակար գաղափարական դրույթներ» է պարունակում, հայտնում է «Ռադիո Լեհաստան»-ը։

«Այս դրույթները ենթադրում են, որ կենսաբանությունը չի որոշում մարդու էությունը, եւ որ այդ հարցը յուրաքանչյուրի սոցիալ-մշակութային ընտրության հարց է: Այս դրույթները նաեւ համապատասխան փոփոխություններ են պահանջում դպրոցներում երեխաների կրթության ոլորտում եւ արտադպրոցական ծրագրերում, որպեսզի երիտասարդ լեհ սերունդն ընդունի այդ, մեր կարծիքով, կեղծ դրույթները»,- հայտարարել է Լեհաստանի արդարադատության նախարարության ղեկավարը:

Ստամբուլի կոնվենցիան Եվրոպայի խորհրդի միջազգային համաձայնագիր է, որն ուղղված է կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության դեմ: Լեհաստանի՝ համաձայնագրից դուրս գալու մտադրությունը քննադատության է արժանացել Եվրոպական խորհրդի կողմից: Այդպես, կազմակերպության մամուլի քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը այս քայլը «շատ ցավալի» եւ «հսկայական հետընթաց» է անվանել կանանց պաշտպանության հարցում: