Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը այսօր` մայիսի 16-ին կայացած դռնփակ դատական նիստում  որոշում է կայացրել երկամսյա կալանք կիրառել Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղի բնակիչ, 29-ամյա Գարեգին Ղուկասյանի նկատմամբ:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատարանը բավարարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Խաչիկ Սամվելյանի միջնորդությունը:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, մայիսի 7-ին, ժամը 19:30-ի սահմաններում Նոյի փողոցի 10/1 հասցեի դիմաց Գարեգին Ղուկասյանը իր կողմից վարած ՎԱԶ-21063 մակնիշի 16 ՏԼ 019 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել 118 դպրոցի աշակերտուհի, 16-ամյա Նելլի Մինասյանին, եւ թողնելով անօգնական վիճակում, դիմել փախուստի: Աղջկան տեղափոխել էին «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ նա մահացել էր մայիսի 12-ին:

Նույն օրը ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում քննիչ Խաչիկ Սամվելյանի կողմից նյութեր էին նախապատրաստվել, եւ ՃՏՀ քննության բաժնի եւ Մալաթիայի ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-քննչական աշխատանքների արդյունքում վրաերթ կատարելու կասկածանքով բերման էր Գարեգին Ղուկասյանը:

Վերջինս, ի դեպ, Ղուկասյանը Եղվարդի ոստիկանության բաժնի պետի օպերգծով տեղակալ Տիգրան Պետրոսյանի քրոջ որդին է, իսկ վրաերթը կատարելիս եղել է ոչ սթափ վիճակում:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի