2008թ. մարտի 1-ի իրադարձությունների հարցով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ շատ ազնիվ եւ բաց քննարկումներ են եղել, մայիսի 18-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրախորհրդարան ղեկավար Եժի Բուզեկը:
Նրա խոսքով, Հայաստանի ղեկավարության հետ հանդիպումներում ընդգծել է, թե մարտի 1-ի հարցը Հայաստանի բաց վերքն է եւ պետք է անպայման լուծվի: «Հանդիպումների ընթացքում Հայաստանի ղեկավարությունն ինձ հավաստիացրեց, որ ներկայումս քննչական գործողություններ են ընթանում եւ խոստացել է անել հնարավորը` իրադարձությունների բացահայտման համար: Նրանք նաեւ հավաստիացրել են, որ յուրաքանչյուր դատապարտյալի վերաբերյալ հետաքննություն է ընթանում, եւ դա արդար է լինելու»,- հավաստել է Բուզեկը` ընդգծելով, որ Հայաստանի նախագահը դեռ 2010թ. խոստացել է լուրջ փոփոխություններ անել:
«Եկեք հավատանք դրան: Այդ իմաստով դուք գտնվում եք ճիշտ ճանապարհի վրա»,- ասել է Եվրախորհրդարանի ղեկավարը: Նա շեշտել է, որ իր հետագա զարգացման ուղին պետք է ընտրի Հայաստանը, երկրի իշխանությունները: «Եվրոպան չի կարող ճնշում բանեցնել այդ հարցում: Բայց մենք կարող ենք օգնել, փոխանակվել մեր փորձով»,- նկատել է Բուզեկը:




























