Փիսբուրգի համալսարանից հետազոտողներն առաջարկում են Journal of Studies on Alcohol and Drugs-ում հրապարակված իրենց հոդվածում պարզ միջոց ալկոհոլային հարբեցման աստիճանը պարզելու համար սմարթֆոնում աքսելերոմետրի միջոցով։ Աքսելերոմետրը շարժման սենսոր է, որը չափում է արագացումը եւ համադրում այն տարածական կոորդինատների հետ։ Այն որոշում է էլեկտրոնային սարքի անկյան աստիճանը՝ երկրի մակերեւույթի հետ համեմատած, եւ ուղղում պատկերն էկրանին, ընդ որում՝ բնականաբար կարելի է տեղեկանալ տարածության մեջ սմարթֆոնի դիրքի մասին։ Քանի որ հարբած մարդու դիրքը տարածության մեջ, կարելի է ասել, փոխվում է ավելի հաճախ, քան սթափ մարդկանց մոտ, եւ քանի որ սմարթֆոն ունեն գրեթե բոլորը, սմարթֆոնի աքսելերոմետրի օգնությամբ հարբեցման աստիճանը չափելու գաղափարը շատ տեղին էր, գրում է «Նաուկա ի ժիզն»-ը։

Գիտափորձին մասնակցել է 22 կամավոր 21-43 տարեկան։ Մեկ ժամում նրանք խմել են օղով պատրաստված այնքան կոկտեյլ, որ արտաշնչվող օդում ալկոհոլի մակարդակը հասնի 0,2 տոկոսի։ Այնուհետեւ ամրացրել են սմարթֆոնը նրանց մեջքի ներքեւի հատվածում եւ խնդրել անել տասը քայլ, այնուհետեւ թեքվել եւ վերադառնալ՝ անելով եւս տասը քայլ։ Այդ վարժությունը կրկնել են յոթ անգամ յոթ ժամվա ընթացքում, ամեն անգամ չափել են մասնակիցների ալկոհոլի մակարդակը։

Պարզվել է, որ սմարթֆոնները հստակ զգում են հարբեցման վիճակում խախտված կոորդինացիան։ Դրանց օգնությամբ, օրինակ, կարելի է հստակ պարզել, թե երբ է ալկոհոլի մակարդակն ընկնում 0,08 տոկոսից ցածր, այսինքն՝ ԱՄՆ-ի օրենքներով՝ արդեն կարելի է նստել ավտոմեքենայի ղեկին։

Կարելի է պատկերացնել՝ ինչպես է սմարթֆոնն արգելում մեքենայի շարժչին միանալ, եթե դրանով փորձում է երթեւեկել անթույլատրելի «տոկոսներով» հարբած վարորդ, կամ ինչպես է սմարթֆոնն ուղարկում ազդանշան ընկերոջը՝ հայտնելով, որ իր ընկերը, ըստ շարժումների կոորդինացիայի, ինքնուրույն այլեւս որեւէ տեղ չի հասնի։ Ընդհանուր առմամբ կարելի է պատկերացնել շատ օգտակար գաղափարներ, որոնք, երեւի, հեշտությամբ կարելի է իրականացնել համապատասխան հավելվածենրի միջոցով։