Առաջին կիսամյակում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի հիմնական ցուցանիշները տարվա արդյունքներով զգալի աճ են կանխատեսում: Այս մասին այսօր՝ օգոստոսի 26-ին, ներկայացնելով բարձր տեխնոլոգիական արդյունաբերության գործունեության մասին զեկույցը, հայտարարեց նախարարության ղեկավար Հակոբ Արշակյանը:
Նրա խոսքով՝ չնայած երկրում բարդ տնտեսական իրավիճակին, ոլորտի ցուցանիշները ոչ միայն չեն կրճատվել, այլեւ պահպանել են դրական միտումներն ու դինամիկ աճի տեմպերը: Այդպիսով, կարող ենք հաստատել, որ պանդեմիան չի խոչընդոտել նախարարության ծրագրերին: Բացառություն է կազմել միայն միջազգային ցուցադրություններին մասնակցությունը:
Միեւնույն ժամանակ, նախարարությանը հաջողվել է դիմակայել առաջացած մարտահրավերներին: Այսպես, «Գաղափարից մինչեւ բիզնես» ծրագիրը վերաձեւակերպվել է՝ հաշվի առնելով առաջնահերթությունները: Արդյունքում նախարարությունը նախաձեռնել եւ իրականացրել է կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով դրամաշնորհային կառավարական ծրագիր՝ աջակցության 17-րդ միջոցառման տեսքով:
Առաջին դրամաշնորհային մրցույթի ընդհանուր բյուջեն կազմել է 22 մլն դրամ, որը տրամադրվել է 5 ընկերությունների: Ընկերություններին տրամադրվել են դրամաշնորհներ 10 մլն, 5 մլն, 3 մլն չափով, համապատասխանաբար, եւ 2-ական մլն: «Նախագծվել են օդամաքրիչներ, օզոնատորներ եւ այլն, դրանցից որոշները գտնվում են արտադրության փուլում»,-հայտարարեց Արշակյանը: Նա նշեց, որ նախարարությունը բազմաթիվ գաղափարներ է ստացել, որոնք կարող են օգտակար լինել վարակի տարածման դեմ պայքարում: Այդ կապակցությամբ նախարարությունը հանձն է առել համակարգել գաղափարները, որոնցից լավագույններն ուղարկվել են պարետատանը:
Միջոցառումների 17-րդ ծրագրի շրջանակում կառավարությունը 3 մրցույթի է հայտարարել դրամաշնորհ ստանալու համար, որոնց բյուջեն կազմել է 330 մլն, 460 մլն եւ 90 մլն դրամ: Նախարարը պարզաբանեց, որ մրցույթների առաջին փուլում ստուգվում են փաստաթղթերը, ֆինանսական գնահատական է տրվում, իսկ արդեն երկրորդ փուլում մասնակիցները ներկայացնում են իրեն նախագծերը, իսկ ժյուրին ընտրում է հաղթողներին:
330 մլն դրամ ընդհանուր բյուջեով առաջին ծրագրում յուրաքանչյուր նախագծի հաղթող ստանում է մինչեւ 10 մլն դրամի չափով դրամաշնորհ: Նախարարությունը մասնակցության 141 հայտ է ստացել, որից 117-ը դիտարկվում է, 24-ը անվավեր է ճանաչվել:
Երկրորդ ծրագրում, որի բյուջեն կազմում է 460 մլն դրամ, կարող են մասնակցել ընկերություններ, որոնք գործում են առնվազն 2 տարի: Այստեղ մասնակիցները կարող են ստանալ մինչեւ 20 մլն դրամի չափով դրամաշնորհ: Այս ծրագրի շրջանակում նախարարությունը ստացել է մասնակցության 148 հայտ, որից 143-ը դիտարկվում է, 5-ը անվավեր է ճանաչվել:
90 մլն դրամ բյուջեով երրորդ ծրագիրը ենթադրում է դրամաշնորհների տրամադրում համաֆինանսավորման տեսքով: Նախարարի խոսքով՝ ծրագիրը կոչված է խթանել ոլորտում ներդրումները: Այն ընկերությունները, որոնք կարող են ներդրումներ ներգրավվել, դրամաշնորհի տեսքով համաֆինանսավորում կստանան: Հայտերը կարող են ներկայացվել մինչեւ դեկտեմբերի 1-ը, դեռ ներկայացվել է 4 հայտ:





























