Հայաստանում այս փուլում նպատակահարմար չեն համարում կապի սեփական արբանյակ ունենալը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 26-ին, լրագրողներին ասաց բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։ Նրա խոսքով՝ ներկայումս «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհեռարձակման» ՓԲԸ-ն վարձակալում է արբանյակային կապի ալիքները՝ հեռարձակում ապահովելով երկրի ամբողջ տարածքում։ Հայաստանի իրողությունները հաշվի առնելով՝ այս փուլում սեփական առանձին կապի արբանյակ ունենալը նպատակահարմար չի համարվում։
Նա նշեց, որ միայն կապի արբանյակի ձեռքբերման համար անհրաժեշտ է 100-150 մլն դոլար, սակայն դա միայն մեկնարկային ծախսն է, եւ հետագայում գումարն աճելու է։ Այս իրավիճակում անհրաժեշտ է հասկանալ, թե այդ ծախսերը որքանով են շահավետ։ Դրա հետ մեկտեղ, ինչպես ցանկացած այլ երկիր, Հայաստանը նույնպես երկրաստացիոնար ուղեծրի օգտագործման իրավունք ունի։ «Եղել են առաջարկներ, որ ՀՀ-ին տրամադրված հնարավորությունն օգտագործվի այլ ընկերությունների կողմից՝ կապի արբանյակների համատեղ օգտագործման պայմանով»,- հայտարարեց նախարարը։
Արշակյանը տեղեկացրեց, որ այս հարցով արդեն ստացվել են որոշակի առաջարկներ։ «Հիմա մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որ առաջարկներն ավելի առարկայական դառնան, որ որոշենք՝ այդ ընկերություններն ինչ են սպասում պետությունից, եւ ինչ կստանա պետությունն ինքը»,- հայտարարեց նա՝ չբացառելով հարցի նման լուծման հավանականությունը։





























