Apple-ը ստեղծել է լիովին ֆունկցիոնալ սմարթֆոն` ծալովի էկրանով եւ այժմ օպերացիոն համակարգը հարմարեցնում է նոր ձեւին: Այս լուրը տարածել է YouTube-ի Front Page Tech ալիքի հեղինակ Ջոն Փրոսերը, ով, որպես կանոն, ճշգրիտ կանխատեսում է Apple-ի գործողությունները: Ինչպես հայտնում է ինսայդերը, նոր սարքը կստանա երկու առանձին էկրան՝ «գործվածքային ծխնով», որը սմարթֆոնը կվերածի պլանշետի:

Նորույթի մասին դեռ մանրամասներ չկան: Փրոսերն ասում է, որ ծալովի iPhone-ի ծխնիները, որոնք միացնում են էկրանի երկու կողմերը, պաշտպանում են մեխանիզմը փոշուց եւ աղբից, որպեսզի գաջեթն ավելի դիմացկուն լինի: Էկրանները երկուսն են, բայց բացված վիճակում iPhone-ը ամբողջական դիսփլեյի տպավորություն է թողնում: Նախատիպը հիմնված է արդեն գոյություն ունեցող մոդելի` Apple iPhone 11-ի վրա, որը ներկայացվել է անցած տարվա աշնանը: Սմարթֆոնի շրջանակը կլորացված է, իսկ ծայրերը ստացել են չժանգոտվող պողպատե ճարմանդ: Դիսփլեյի վերին մասում կա մի փոքր կտրվածք Face ID հաղորդիչների համար:

Դատելով նկարագրությունից՝ Apple սմարթֆոնը կհիշեցնի ոչ թե ճկուն էկրաններով Samsung-ի Galaxy Fold կամ Huawei-ի Mate X, այլ ավելի պրակտիկ Microsoft Surface Duo, որն առաջարկում է երկու դիսփլեյ՝ ծխնիներով միացած:

Ինչ վերաբերում է տեխնիկական բնութագրերին, դրանք նույնպես մնում են առեղծված: Ամենայն հավանականությամբ, «հեղափոխական Apple սմարթֆոնը» թողարկման պահին հագեցած կլինի առավել արդիական պրոցեսորով կամ չիպսեթի մոդեռնացված տարբերակով, որը պատասխանատու է Apple-ի Pro շարքի iPad պլանշետների աշխատանքի համար: