Արտասահմանյան դրամաշնորհների ու վարկերի ծրագրերի գծով Հայաստանը 2010-ին ստացել է 4,9 մլրդ դրամ, ինչը կազմում է նախատեսված միջոցների 51 տոկոսը:
ԱԺ-ում ներկայացնելով 2010 թվականի պետական բյուջեի կատարողականը, Հայաստանի գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանն այս փաստը բացատրել է նրանով, որ արտասահմանյան վարկերի հաշվին ֆինանսավորվող շատ ծրագրեր հետաձգվել են: Եվս 3,5 մլրդ դրամ Հայաստանն ստացել է ոչ ծրագրային արտաքին դրամաշնորհներից: Այս տարի Եվրամիությունը մտադիր է մեծացնել Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցությունը:
Այսպես, ենթակառուցվածքների կատարելագործման համար ԵՄ-ն նախատեսում է տրամադրել 45-50 մլն եվրո, առեւտրի ոլորտի բարեփոխումներին` 30 մլն եվրո, սոցիալական ծրագրերին` 50 մլն եվրո: ԵՄ-ն մտադիր է նաեւ մակրոֆինանսական աջակցություն ցուցաբերել Հայաստանին 100 մլն եվրոյի չափով, որից 65- մլն-ը վարկ կլինի, 35 մլն-ը` դրամաշնորհ:
Հարցին, թե ով է պատասխանատու Հայաստանի կրած ֆինանսական վնասների համար` Եվրադատարանում պարտված գործերի հետեւանքով, Ջանջուղազյանը պատասխանել է, որ այդ հարցը ներկայումս քննարկման փուլում է: Նրա խոսքով, ներկայումս քննարկվում է այն պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու հարցը, որոնց սխալ որոշումների պատճառով, մարդիկ ստիպված են եղել դիմել Եվրոպական դատարան եւ շահել դատն ընդդեմ Հայաստանի:




























