Facebook ամերիկյան ընկերությունը, որին պատկանում է համանուն սոցիալական ցանցը, հայտարարել է հատուկ գործիքի գործարկման մասին, որը հնարավորություն է տալիս օգտվողներին հավելվածում վերբեռնված լուսանկարներն ու տեսանյութերը փոխանցել այլ ծառայություններ, այդ թվում՝ Dropbox եւ Koofr: Այս մասին ասվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Այսօրվանից, օգտագործելով տվյալների տեղափոխման մեր վերջին գործիքը, դուք կարող եք Facebook-ում վերբեռնված ձեր լուսանկարներն ու տեսանյութերը տեղափոխել միանգամից երկու լրացուցիչ ծառայություններ` Dropbox եւ Koofr»,- ասվում է հայտարարության մեջ: Միեւնույն ժամանակ նշվում է, որ նախկինում Facebook-ից օգտվողներն իրենց մուլտիմեդիա ֆայլերը կարող էին միայն Google Photos տեղափոխել:

Ինչպես ընդգծել են մշակողները, նոր ծառայություն մուտք ունենալ կարելի է սոցիալական ցանցի օգտատերերի անձնական կարգավորումների միջոցով: Տվյալների ավելի լավ պաշտպանություն ապահովելու համար նախքան լուսանկարը եւ տեսանյութը տեղափոխելը պետք է կրկին մուտքագրել գաղտնաբառը: Նոր ծառայությունը, ինչպես նշված է մամուլի հաղորդագրության մեջ, ուղղված է անվտանգության եւ գաղտնիության ընդհանուր քաղաքականության բարելավմանը: