Microsoft-ի օպերացիոն համակարգում վնասաբեր ծրագրերի տեղադրման սողանցք են գտել։ Այս մասին հայտնում է BleepinComputer պարբերականը՝ վկայակոչելով կիբեռանվտանգության հարցերով փորձագետ Մոհամմադ Ասկարին։

Մասնագետը Windows-ի վերջին թարմացումներից մեկում Windows Defender («Windows-ի պաշտպան») ներկառուցված հակավիրուսի միջոցով գտել է հեռավար հավելվածների տեղադրման հնարավորություն։ Նորամուծությունը թույլ է տալիս MpCmdRun.exe հրամանն օգտագործել ծրագրերի ինստալյացիայի համար։ Ասկարը նշել է, որ ՕՀ-ին փաստացի սովորեցրել են ինքնուրույն տեղադրել վնասաբեր ծրագրեր, փոխանցում է Lenta-ն։ 

Մասնագետի խոսքով՝ լավ նորությունն այն փաստն է, որ Windows Defender-ը կարող է գտնել վիրուսներով վարակված ծրագրային ապահովումը, նույնիսկ եթե ծրագիրը նպաստում է դրա տեղադրմանը։ Սակայն ոչ բոլոր կողմնակի հակավիրուսներն են կարող հայտնաբերել վնասաբեր հավելվածները։ Փորձագետը կատակել է, որ այսպիսով «Windows-ի պաշտպանը» հայտնվում է արատավորված ծրագրերի երկար ցուցակի մեջ, որոնց միջոցով կարելի է համակարգչում տեղադրել վարակված ծրագրային ապահովում։

Մասնագետներն ավելի վաղ ուշադրություն էին դարձրել, որ Microsoft-ը ռեեստրի միջոցով անջատել է «Windows-ի պաշտպան» ներկառուցված հակավիրուսի ապաակտիվացման հնարավորությունը։ Ընդ որում՝ ծրագիրը չի խանգարում վիրուսների դեմ պայքարի համար կողմնակի հավելվածների աշխատանքին։