Ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնուց վերցված նմուշների անալիզների արդյունքները փոխանցվել են Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը (ՔԶԱԿ), հայտնել է DPA գործակալությունը՝ վկայակոչելով Գերմանիայի պաշտպանության նախարարությանը։

Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Մարտինա Ֆիցը նշել է, որ Բեռլինն այս տվյալները ուղղակիորեն Ռուսաստանին փոխանցելու հիմքեր չի տեսնում եւ Մոսկվային կոչ է արել միջադեպի վերաբերյալ տեղեկություններ տրամադրել։

Ռուսաստանի ՔԶԱԿ անդամ է։

Նավալնու ինքնազգացողությունը վատթարացել էր օգոստոսի 20-ին Տոմսկից Մոսկվա թռիչքի ժամանակ։ Օդանավը շտապ վայրէջք էր կատարել Օմսկի օդանավակայանում։ Ընդդիմադիրը կոմայի մեջ հոսպիտալացվել էր Օմսկի հիվանանոցի վերակենդանացման բաժանմունքում։ Նրան օգոստոսի 22-ին տեղափոխել էին Գերմանիա Բեռլինի Charite կլինիկայում բուժվելու։

Սեպտեմբերի 2-ին Գերմանիայի իշխանությունները, վկայակոչելով Բունդեսվերի լաբորատորիային, հայտարարել էին, որ Նավալնու օրգանիզմում հայտնաբերվել են «Նովիչոկ» խմբի թույնի հետքեր։ Ռուսական իշխանությունները հայտարարել էին, որ վաղաժամ է Նավալնու կոմայի պատճառների մասին վերջնական եզրակացությունների կատարումը եւ գերմանական կողմից ապացույցներ էին պահանջել։

Սեպտեմբերի 7-ին Charite կլինիկայից հայտնել էին, որ Նավալնուն դուրս են բերել արհեստական կոմայից եւ նրա վիճակը բարելավվել է։

Առաջին անգամ «Նովիչոկ» նյարդակաթվածահարող նյութի մասին հայտնի դարձավ Մեծ Բրիտանիայում ԳՀՎ նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի եւ նրա դուստր Յուլյայի թունավորումից հետո։ 2018 թվականի մարտի 4-ին նրանց անգիտակից վիճակում հայտնաբերել էին Սոլսբերի քաղաքում։

Հետագայում բրիտանացի քննիչները հանգել էին այն եզրակացության, որ Սկրիպալները տուժել են նյարդակաթվածահարող թունավոր նյութից, որը կոչվում է «Նովիչոկ» (А-234)։ Բրիտանացիների եզրակացությունը հաստատել էր ՔԶԱԿ հանձնաժողովը։

Բրիտանական իշխանությունները Սկրիպալների դեմ մահափորձի պատասխանատու էին համարել Ռուսաստանին։ Մոսկվայից բոլոր մեղադրանքները հերքել էին։

Այս տարվա հունիսին «Նովիչոկ» ընտանիքի վտանգավոր քիմիական նյութերի 4 ընտանիք պաշտոնապես ներառվել է Քիմիական զենքի արգելման մասին կոնվենցիայի ցուցակի մեջ։