Հայ ազգային կոնգրեսն առայժմ զերծ է մնում Սերժ Սարգսյանի՝ համաներում հայտարարելու առաջարկով Ազգային ժողովին դիմելու նախաձեռնության վերաբերյալ մեկնաբանություններից։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀԱԿ-ի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը։
«Մենք ուշադիր հետեւում ենք գործընթացին, եւ երբ բավարար չափով տեղեկատվություն լինի, թե կոնկրետ ինչ բովանդակություն ունի համաներումը, ըստ այդմ կխոսենք»,- ասաց նա։
Հարցին, թե սպասո՞ւմ էին գործողությունների այսպիսի զարգացման, Մուսինյանը նկատեց. «Քաղաքական գործընթացների տրամաբանությունը հուշում է, որ հրապարակայնորեն տրված խոստումը պետք է իրականություն դառնա։ Ընթացքը ցույց կտա»,- ամփոփեց ՀԱԿ մամուլի քարտուղարը։
Նշենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դիմել է Ազգային ժողովին` համաներում հայտարարելու առաջարկով:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 81-րդ հոդվածի առաջին մաuի 1-ին կետը եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 90-րդ հոդվածը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր դիմել է ՀՀ Ազգային ժողովին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու առաջարկությամբ:




























