Ազգային ժողովի Պետաիրավական հարցերով հանձնաժողովը իր փակ նիստում դրական եզրակացություն է տվել համաներում հայտարարելու մասին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկին։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Հանրապետական կուսակցոթյան մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։
Նա նաեւ նշեց, որ հաջորդ քառօրյայում խորհրդարանը կքննարկի այդ հարցը։ Շարմազանովը չբացառեց, որ համաներման հայտարարումից հետո ի թիվս այլոց ազատ կարձակվեն նաեւ 2008 թվականի մարտի 1-ի գործով ձերբակալվածները, քանի որ, նրա խոսքով, նախագահի այս նախաձեռնությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության 20-ամյակի տարում երկրում համերաշխության մթնոլորտ ստեղծելուն։
Նշենք, որ նախօրեին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դիմել էր Ազգային ժողովին` համաներում հայտարարելու առաջարկով:
Նախագահի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնել էին, որ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 81-րդ հոդվածի առաջին մաuի 1-ին կետը եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 90-րդ հոդվածը՝ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր դիմել է ՀՀ Ազգային ժողովին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու առաջարկությամբ:




























