Երևանի վերելակ վերանորոգողների աշխատավարձերը քաղաքապետարանը դեռ չի փոխանցել։ Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, նրանք կրկին հավաքվել էին կառավարության շենքի դիմաց՝ հայտարարելով, որ իրենց գլխի տակ փափուկ բարձ են դնում։Հիշեցնենք, որ առաջին անգամ վերելակ վերանորոգողներն իրենց խնդիրը բարձրացրել էին սեպտեմբերի 1–ին, ինչից հետո քաղաքապետարանում հանդիպել էին փոխքաղաքապետ Սերգեյ Ներսիսյանի հետ։
Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկի խոսքերով՝ քաղաքապետարանում հանդիպմանը իրենք պահանջել են 200 մլն դրամ աշխատավարձերի գումարը, որ շարունակեն աշխատել. «Փոխքաղաքապետը մինչև ընտրվելը ասում էր՝ եկեք մի ժամ շուտ էտ փողը փոխանցենք, հիմա էլ ընտրվել ա փոխքաղաքապետ, ասում ա, որ ինքը տենց բան չի ասել»։
Ակցիայի մասնակցի խոսքով՝ քաղաքապետարանը չի վճարում աշխատավարձերը՝ պատճառաբանելով, որ նախ բարձրահարկերը պետք է վերանորոգեին, հետո՝ ցածրահարկերը.« Ասեիք՝ սկզբից 16 հարկերն անեինք»։
Մայրաքաղաքի 500 հին վերելակները նորերով փոխելո՝ւ քաղաքապետարանի հայտարարած մրցույթում հաղթած «Ռաֆէլգրիգ» ընկերության ղեկավարը, ակցիայի մասնակիցների խոսքով, քաղաքապետարանում հանդիպմանը հայտարարել է, որ եթե ինքը պայմանագրից շեղվել է, թող իրեն տուգանեն 100 մլն–ի չափով, իսկ մնացած գումարը տան աշխատավարձերը, փոխքաղաքապետն ասել է՝ չեմ ուզում տուգանեմ։
«Եթե իմանայինք՝ էդ պայմանով ենք աշխատում, կգնայինք էս երկրից, որովհետև էլ իմաստ չկար այստեղ աշխատելու։ Մենք մնացել ենք՝ այստեղ աշխատենք, բայց հիմա դուրս է գալիս, որ ամեն մեկն իր համար մի սուտ է ասում, ժողովրդի գլխի տակ փափուկ բարձ են դնում ու անցնում առաջ։ Մարդիկ կան, որ տնից հանել են՝ տան վարձը չտալու պատճառով։
Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկի խոսքով՝ արդեն 300 մարդ ավանսի կարգով ստացել են որոշակի գումար, սակայն ամբողջական գումարը ոչ ոքի դեռ չի փոխանցվել։ Յուրաքանչյուր վերելակի համար 700 հազար գումար պետք է տրամադրվի։ Մեկ վերելակի վրա 2 մարդ է աշխատում ՝ յուրաքանչյուրը 350 հազարով։ Ընդհանուր 500 վերելակ է ենթական վերանորոգման, մոտ 80–նն արդեն հանձնվել է շահագործման։











