Թբիլիսիում Հանրային հեռուստաընկերության շենքի մոտ մայիսի 22-ին բախումներ են տեղի ունեցել ոստիկանության եւ բողոքի ակցիայի մասնակիցների միջեւ: Ակցիան կազմակերպել է ընդդիմադիր «Վրաստանի համաժողովրդական ժողով» կազմակերպությունը:
Ակցիայի կազմակերպիչների խոսքերով` մահակներով զինված ոստիկանության աշխատակիցները, արցունքաբեր գազի եւ ռետինե փամփուշտների միջոցով ցրել են մասնակիցներին: Արդյունքում` մի քանի մարդ, այդ թվում` կանայք, վնասվածքներ են ստացել, գրում է ԻՏԱՌ- ՏԱՍՍ-ը:
Ցուցարարներին, որոնք շարունակում են ակցիան, միացել է նաեւ ընդդիմադիր «Ժողովրդավարական շարժում` միասնական Վրաստան» կուսակցության ղեկավար Նինո Բուրջանաձեն: Ընդդիմության առաջնորդները խոստանում են օրվա ընթացքում հավաքել հազարավոր կողմնակիցների` իշխանության քաղաքականության նկատմամբ իրենց բողոքը հայտնելու նպատակով:
Իր հերթին Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարել է, որ բախումների պատճառը եղել է ակցիայի մի քանի ոչ սթափ վիճակում գտնվող մասնակիցների հարձակումը ոստիկանական մեքենայի եւ այնտեղ գտնվող ոստիկանների վրա:




























