Նախկինում մենք արտաքին կոմպլեմենտար քաղաքականություն էինք վարում, բայց հիմա այդ լյուֆտը գրեթե չկա, չափազանց նեղացել է։ Այս մասին ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման թեմայով փորձագետների հետ հանդիպմանն ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Ռուսաստան–Արեւմուտք հարաբերությունների կտրուկ վատթարացման հնարավոր ազդեցությանը ինչպես Ղարաբաղի խնդրի, այնպես էլ Հայաստանի արտաքին քաղաքականության բալանսի վրա։ Նշենք, որ հանդիպման տեսագրությունը տեղադրված է երկրորդ նախագահի պաշտոնական յություբյան ալիքում։

«Ես հիշեցնեմ, որ 1998-2008 թթ․ մենք արտաքին կոմպլեմենտար քաղաքականություն էինք վարում։ Ուղղակի այն ժամանակը լրիվ ուրիշ էր․ ճիշտ հակառակ պատկերն էր նրա, ինչն այսօր Ձեզ եւ բոլորիս մտահոգում է։ Այն ժամանակ Ռուսաստան-Արեւմուտք հարաբերությունները բավական ջերմ էին, նույնիսկ պատկերացրեք, ՆԱՏՕ-ի հետ Ռուսաստանի ծրագրերն ավելի շատ էին, քան Հայաստան-ՆԱՏՕ, եւ 2002թ․, եթե չեմ սխալվում, ստեղծվեց Ռուսաստան-ՆԱՏՕ հատուկ հանձնաժողով, եւ բավականին էֆեկտիվ համագործակցել են, մինչեւ վրացական կոնֆլիկտի պահը։ Մեկ տարով հետո սառեցվեց, հետո նորը վերսկսեց, մինչեւ 2014թ․ երբ Ղրիմն ընդգրկվեց Ռուսաստանի կազմի մեջ։ Բայց 1990-2000 թվականներին այդ հնարավորությունը կար, դաշտն էր այդպիսին։ Շիրակի, Շրյոդերի, Բեռլուսկոնիի հետ բազմաթիվ հանդիպումների ժամանակ ես տեսնում էի, թե ինչպիսի հարգանքով են իրենք խոսում Ռուսաստանի մասին, Ռուսաստանի նախագահի մասին։ Չի եղել մեկ հանդիպում, որի ժամանակ մենք շրջանցեինք այդ հարաբերությունները։ Եվ այն ժամանակ, իսկապես հնարավոր էր կոմպլեմենտարության սկզբունքով փորձել մեր շահը փնտրել այնտեղ, որտեղ նաեւ հզոր երկրների կամ երկրների միավորումների շահերը համընկնում էին, այլ ոչ թե հակասում էին իրար։ Հիմա, ճիշտ եք ասում, այդ լյուֆտը գրեթե չկա, չափազանց նեղացել է։ Ինչի՞ն է բերելու։ Բերելու է անհրաժեշտության՝ մշակել նոր մոտեցումներ, որոնք հնարավորություն կտան մեր ազգային շահերն առավելագույնս պաշտպանել լրիվ նոր իրավիճակում։ Նայեք, այն ժամանակ մենք ԵԱՏՄ-ի անդամ չէինք, եւ այն ժամանակ մենք անդամակցեցինք մի շարք միջազգային տարբեր կառույցներին, եւ երբեք այդ անդամակցությունը չի հակադրվել Ռուսաստանի հետ մեր ամենինց ջերմ հարաբերություններին, բոլոր ոլորտներում՝ եւ՛ տնտեսական, եւ՛ ռազմական։ Կարծում եմ, այն ժամանակ ուղղակի փայլուն օգտագործվեց այն պահը, երբ կարելի էր ինտեգրվել աշխարհին՝ չափազանց լավ հարաբերություններ պահպանելով քո ռազմավարական գործընկերոջ հետ, որը եւս ինտեգրման այդպիսի պրոցեսի մեջ էր։ Եվ իրար հետ մենք նաեւ սա էինք միշտ քննարկում, որոշ չափով նաեւ սինխրոնիզացման հարց կար։ Հիմա պատկերը լրիվ ուրիշ է։ Այսօր իշխանությունները պետք է կարողանան այդ մտավոր ներուժը գտնել, մշակել մի ծրագիր, որը հնարավորություն կտա այս փոթորկի միջով նավն այնպես տանել, որ երկիրը խնդիրներ չունենա։ Ես կասկածում եմ, որ այս իշխանություններն ունեն այդ մտավոր ունակությունը եւ այդ փորձը։ Իսկ շատ ավելի կարճ եմ կարծում, որ որեւէ մեկը կկարողանա ասել, թե ինչին է սա բերելու։ Մի քիչ սեւ ու սպիտակի է վերածվում այդ հարաբերությունները, եւ եթե հնարավոր է նպաստել, որ հակասություններն այդքան չխորանան, ապա եւս պետք է բոլոր հնարավորությունները ներդնել հնարավորինս մեղմացնելու այդ ոչ ցանկալի մեզ համար գործընթացը»,– ասաց նա։

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի դիտարկմանը, թե ղարաբաղյան հակամարտությունը թերեւս եզակի հարթակներից է, որտեղ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան եւ Ռուսաստանը ընդհանուր հայտարար ունեն, և հարցին, թե ինչպե՞ս հակամարտության սրումը կարող է ազդել նաեւ այս հարթակի վրա, Քոչարյանը պատասխանել է.

«Մրցակցությունը միշտ եղել է։ Մրցակցության սրության հարցն է։ Երբեք այդ մրցակցությունը չի եղել այն սրության, որ բանակցային գործընթացը ձախողվի կամ, այսպես ասենք, չկարողանան իրար հետ կոմպրոմիս գտնել այս կամ այն մոտեցման շուրջ։ Այդ աստիճան երբեք չի սրվել։ Հիմա մտածում եմ, որ կոնկրետ ղարաբաղյան կարգավորման գործընթացի շուրջ եւս կամուրջները չեն այրվելու, եւ համանախագահողները որոշ չափով ի վիճակի են լինելու լեզու գտնել իրար հետ։ Տվյալ դեպքում, այն օրինակները, որ բերեցիք՝ Ուկրաինայի, դա մի քիչ այլ է։ Ուկրաինան ակնհայտ ձգտում է դեպի Եվրամիություն, եւ Ուկրաինայի արտաքին քաղաքականության կողմնորոշումները լրիվ ուրիշ են։ Եթե Հայաստանը փորձի նման դրսեւորումներով հանդես գալ, ապա Հայաստանը եւս կհայտնվի այդ հակասությունների կիզակետում։ Այսօր դա Հայաստանում արվում է շատ ավելի մեղմ, ավելի շատ փորձելով ազդել երիտասարդ սերնդի վրա, պատրաստել հնարավոր ապագա արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխությունը։ Բայց այսօր, համենայնդեպս, հռչակվում է, որ բան չեն փոխում։ Իմ գնահատականը հետեւյալն է, որ կոնկրետ Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ տարաձայնությունները չեն խորանալու, բայց լուծումը, որը ենթադրելու է միասնական լուրջ քայլեր, եւս դժվարանալու է, որովհետեւ մի հարց է միայն բանակցային գործընթացը, մյուս հարցն է, երբ որ գալիս ես ինչ-որ լուծման եւ պետք է, օրինակ, քննարկել, թե որ երկրներից են լինելու խաղաղապահ ուժերը, ինչ հարաբերակցությամբ։ Կարծում եմ, այստեղ էական դժվարություններ լինելու են»։

Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ համանախագահող երկրների շահերը տարածաշրջանում տարբեր են, բայց տարածաշրջանում խաղաղություն պահպանելը բոլորի շահերից է բխում։

«Սա միավորում է, եւ ես չեմ զգում եւ այն ժամանակ չեմ զգացել, երբեւիցէ չի եղել, որ նրանք սեղանի շուրջ սկսեն վիճել ինչ-որ հարցի շուրջ։ Համենայնդեպս, կիրառվում էր բանակցային այնպիսի տեխնոլոգիա, որ կոնֆլիկտի կողմերը չեն զգացել արտահայտված տարաձայնությունները բանակցությունների ժամանակ, եւ իմ տպավորությամբ, բոլորը ուզում էի, որ տարածաշրջանում նոր պատերազմ չբռնկվի։ Սա միավորում էր բոլորին, բայց միավորում էր մինչեւ այն պահը, երբ կոնկրետ կարգավորումը պետք է մեկնարկի։ Եվ քանի որ մենք երբեւէ չենք հասել այդ պահին, բացի երեւի թե Քի-Վեստի, երբ մի պահ բավականին մոտ էինք, այդ տարաձայնությունները չէին արտահայտվում։ Եվ դա խոսում է նաեւ համանախագահողների հմտության մասին, քանի որ հիմնականում փորձառու դիվանագետներ էին եւ ներկայացնում էին այնպիսի երկրներ, որոնք լուրջ դիվանագիտական դպրոց ունեն։ Ուղղակի տեխնիկապես ճիշտ էին վարում այդ ամբողջ գործընթացը։ Միգուցե ես հիշեցնեմ, որ այս ֆորմատը միշտ չի եղել։ Բանակցային գործընթացի առաջին ֆորմատը ղեկավարում էր իտալացի դիվանագետ, բայց նա հավաքում էր Մինսկի խումբը, որի նպատակն էր Մինսկի կոնֆերանսի նախապատրաստումը։ Ես առաջին ղարաբաղցին եմ եղել, որ Բորիս Առուշանյանի եւ Հրանտ Խաչատրյանի հետ մասնակցել եմ այդ բանակցություններին։ Դա եղել է 1992 թ․ հուլիսին։ Հիասթափությունս անսահման էր։ Շահումյանի կորստից հետո բավական ծանր վիճակում էի գտնվում, երբ մի շքեղ վիլլայում երկու թե երեք օր, եթե չեմ սխալվում, տասնմեկ երկրից հավաքված դիվանագետներ, մտավարժանքների մեջ էին։ Եվ մենք երեք օր քննարկում էինք, թե ով ենք մենք, ով է ադրբեջանական համայնքի ներկայացուցիչը։ Անհասկանալի իրավիճակ էր․ Ղարաբաղում պատերազմ էր, իսկ այստեղ՝ դիվանագիտական մի մեծ խմբի մտավարժանքներ։ Ակնհայտ էր, որ ֆորմատը չաշխատող ֆորմատ է։ Բավականին երկար ժամանակ տեւեց, մինչեւ բոլորը հասկացան, որ սա ուղղակի աշխատող ֆորմատ չէ։ Հետո որոշեցին, որ պետք է լինեն համանախագահողներ, որոնք կոնկրետ, շատ ավելի նպատակաուղղված բանակցություններ կկազմակերպեն՝ փորձելով կոնֆլիկտի կողմերի միջեւ եզրեր գտնել։ Սա մեր ունեցածի ամենավատը չի։ Ունեցել ենք շատ ավելի անհասկանալի, իրավիճակին չհամապատասխանող մի ֆորմատ, սարեր ու ձորեր իրավիճակ, եւ այն բանակցային ֆորմատը, որով այդ իրավիճակը պետք է կարգավորվի»,– ասել է նա։