Վերջին տարիներին Հայաստանի եւ Լեհաստանի ռազմական համագործակցությունը կայուն բնույթ է կրում եւ ավելի ակտիվ է դարձել: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին` համագործակցությունը որպես օրինաչափ երկխոսություն բնութագրելով:
Ըստ դեսպանի, համագործակցությունը տվյալ ոլորտում կարելի է բաժանել երեք դասակարգման` քաղաքական երկխոսություն, գերատեսչական հարցերի քննարկում եւ ռազմա-տեխնիկական համագործակցություն:
«Հայաստանը, որի սպառազինության մեջ շատ են ռուսական եւ խորհրդայաին մոդելները, կարող են հետաքրքրել լեհ մասնագետների որոշ մշակումներ: Բանակցությունները տարվում են, սակայն կոնկրետ պայմանավորվածությունների դեռ չեն հանգել: Հայկական պատվիրակությունը բառացիորեն օրերս է վերադարձել Վարշավայից»,- նշել է դեսպանը:
Ռաչինսկին նշել է, որ Հայաստանի համար հետաքրքիր կլիներ համագործակցությունը` լեհական բուհերում հայ զինվորականների ուսուցումը կազմակերպելու առումով:




























