Քաղբանտարկյալների ազատումն ու նրանց վերադարձն իրենց տները միանշանակ դրական փաստ է, բայց այն եղանակը, ինչպես արվում է դա, անթույլատրելի է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը` խոսելով Սերժ Սարգսյանի` համաներում հայտարարելու նախաձեռնության մասին, որի քննարկումը խորհրդարանում կայանալու է մայիսի 25-ին:
«Առաջինը, ես չեմ տեսել այդ որոշման տեքստը, չեմ կարող միանշանակ գնահատական տալ: Երկրորդ, քաղբանտարկյալների ազատման փաստը մեծ պլյուս է, թեեւ ուշացած, բայց եթե կրկին ամեն ինչ կիսատ եւ ոչ մինչեւ վերջ արվի, դա նույնպես անթույատրելի է: Հատկապես եթե հաշվի առնենք փաստը, որ այդ մարդկանց միակ մեղքը քաղաքականությամբ զբաղվելն է»,- հայտարարել է Սաֆարյանը` հավելելով, որ դրանով խնդիրը չի լուծվում:
«2003-ին էլ կային մարդիկ, որոնց իշխանությունը հանցագործ էր համարում, ապա նրանք ազատ արձակվեցն, այլոք նստեցին 2008-ին եւ ազատվում են հիմա: Բայց եթե գործի նույն սկզբունքը, առաջիկա ընտրություններից հետո էլ կլինեն մարդիկ, որոնց հանցագործ կհամարեն… Այսպես Հայաստանում միշտ էլ քաղբանտարկյալներ կլինեն»,- նկատել է պատգամավորը` ավելացնելով, որ համաներումը ներում է, բայց ոչ երբեք արդարացում:




























