Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչին։ Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։
Վարչապետը նախ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողություններին, որոնք իրականացվում են Թուրքիայի հրահրմամբ եւ աջակցությամբ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ փաստացի այսօր Լեռնային Ղարաբաղը մղում է հակաահաբեկչական պայքար, քանի որ ադրբեջանական կողմից պատերազմական գործողություններին Թուրքիայի միջամտությամբ ներգրավված են նաեւ ահաբեկչական խմբավորումների անդամներ: Կառավարության ղեկավարը նշելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների նախագահների՝ հրադադար հաստատելու կոչի մասին հայտարարությունը, ընդգծել է, որ մեր երկիրը ողջունել է այն:
«Կարեւոր է, որ չնայած ստեղծված իրավիճակին՝ հոկտեմբերի 9-ին Երեւանում կանայալու է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը: Վստահ եմ, որ հաջողությամբ կշարունակենք կառուցողական երկխոսությունը ԵԱՏՄ-ի նպատակների իրականացման եւ զարգացման ուղղությամբ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
ԵՏՀ Կոլեգիայի նախագահը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին ստեղծված իրավիճակում եւս Երեւանում միջկառավարական խորհրդի նիստը բարձր մակարդակով կազմակերպելու համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հիմնական ուղղությունները եւ առաջնահերթությունները, ինչպես նաեւ անդրադարձ է կատարվել Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջիկա նիստի օրակարգային հարցերի:






























