Twitter-ը եւս 1.589 էջ է արգելափակել, որոնք խախտել են պլատֆորմի օգտագործման քաղաքականությունը:

Ընկերության հայտարարության մեջ նշվում է, որ դրանք կապված էին Իրանի, Սաուդյան Արաբիայի, Կուբայի եւ Թաիլանդի կողմից իրականացվող պետական տեղեկատվական օպերացիաների հետ:

Ընկերությունն իր բլոգում գրել է, որ Իրանում գործող էջերն «արհեստականորեն սրում են խոսակցությունները քաղաքականապես զգայուն թեմաների շուրջ»: Դրանց թվում են ռասայական եւ սոցիալական արդարության խնդիրներն ԱՄՆ-ում, ինչպիսիք են Black Lives Matter-ը եւ Զորջ Ֆլոյդի սպանությունը: Շատ էջեր կոտրվել էին, եւ Twitter- ը դրանց մեծ մասը վերադարձրել է սկզբնական օգտատերերին:

Twitter-ը Սաուդյան Արաբիայի կառավարության հետ կապված 33 էջ է արգելափակել: «Այդ հաշիվները ստեղծվել էին Քաթարի հիմնական քաղաքական գործիչների փոխարեն ներկայանալու եւ Քաթարի քաղաքականության մասին նարատիվներն առաջ տանելու համար, որոնք աշխարհառազմավարական առումով ձեռնտու են Սաուդյան Արաբիայի իշխանություններին»,- նշվում է հայտարարության մեջ:

Ընկերությունը փակել է նաեւ 526 «կեղծ էջ», որոնք վարում էին Կուբայի կառավարության հետ կապված երիտասարդական խմբերը, ինչպես նաեւ` 926 էջ, որոնք ենթադրաբար վարում է Թաիլանդի թագավորական բանակը (RTA):

Ինչ վերաբերում է ռուսական էջերին, Twitter-ը դրանք կապել է կեղծ լուրերի կայքի հետեւում կանգնած թրոլների հետ:

Դեռ հունիսին Twitter-ը հայտնել էր, որ մոտ 178.000 էջ է ջնջել, որոնք կապված էին Չինաստանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի հետ: