Մայիսին հաճախակիացել են դեպքերը, երբ «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում գործարք չի կայանում: Այսօր` մայիսի 25-ին նույնպես գործարք չի եղել. թվով 5-րդ դեպքը մայիսին, եւ երրորդը վերջին մեկ շաբաթում:
Սա խոսում է այն մասին, որ փոխարժեքի հետ կապված անորոշությունները շուկայում մեծ են: Այս առթիվ անգամ բանկերի ղեկավարները խոստովանում են, որ նույնիսկ շաբաթական կտրվածքով իրենց կանխատեսումների մեծ մասը չի իրականանում:
Կանխիկ արտարժույթի շուկան ավելի կայուն վարքագիծ ունի, սակայն «ենթարկվում է» բորսայական տատանումներին:
Ընդհանուր առմամբ` դրամն ավելի հակված է էժանանալու: Թեեւ այսօր բորսայում գործարք տեղի չի ունեցել` բանկերը կանխիկ արտարժույթի շուկայում դոլարը թանկացրել են: Բանկերի մի մասը դոլարն ընդունում է արդեն 376 դրամով, իսկ «Պրոմեթեյ բանկը»` նույնիսկ 376,50-ով: Վաճառքի նվազագույն փոխարժեքը 378-ն է:




























