Ադրբեջանը պետք է համաձայնվի միջազգային հանրության առաջարկի հետ, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտության միջոցով: Այս մասին այսօր` մայիսի 25-ին ԱԺ ամբիոնից հայտարարել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նրա խոսքով, հենց դրա շուրջ են ընթանում բանակցությունները, եւ Ադրբեջանի ղեկավարությունը իր հանրային կարծիքը պետք է պատրաստի հենց այս մտքին:

Ինչ վերաբերվում է նրան, որ շփման գծից դիպուկահարների հետ քաշելու Հայաստանի առաջարկը Ադրբեջանի կողմից դիտվում է որպես ծիծաղելի, Նալբանդյանն արձագանքել է. «Թե ինչի վերաբերյալ են ծիծաղում կամ լաց լինում Ադրբեջանում, չեմ կարծում, որ նույնպես կարող են ծիծաղելի լինել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, կամ եռանախագող երկրների նախագահների, կամ Եվրամիության ղեկավարության համար, հենց իրենց կողմից հնչեցված առաջարկները, հայտարարությունները, արտահայտված մոտեցումները ռազմատենչ հռետորաբանության եւ կեցվածքի, հրադադարի ամրապնդման եւ դիպուկահարների դուրս բերման վերաբերյալ, որ հենց իրենց կողմից այդ առաջարկները ոչ միայն արհամարհվում են Ադրբեջանում այլեւ ծաղրանքի են ենթարկվում»: