Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը ФАН-ի հետ զրույցում իր ազգանունը Ադրբեջանի սեւ ցուցակում ընդգրկելը անվանել է այն բանի խորհրդանիշ, որ պատերազմ սանձազերծած ագրեսորները չեն ցանկանում մասնակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հակամարտության խաղաղ կարգավորմանը։
Խորհրդարանականը մեկնաբանել այն լուրը, որ Ադրբեջանն իրեն ընդգրկել է սեւ ցուցակի մեջ, քանի որ այնտեղ կարծում են, որ ռուս պատգամավորը պետք է ԼՂՀ իր այցը համաձայնեցներ Բաքվի հետ։
«Եթե դա այն երկիրն է, որին տեսել եմ որպես խաղաղ մարդկանց ռմբակոծող, այն երկիրը, որը թուրքական անօդաչուներ է ուղարկում, որ դրանք սպանեն կանանց, երեխաներին, ռմբակոծեն խաղաղ քաղաքները, ապա ես, հավանաբար, չեմ ցանկանում լինել այդ երկրի սպիտակ ցուցակներում, ես ավելի լավ է լինեմ ամենասեւ ցուցակներում։ Որովհետեւ այդ կարգի անարդարությունից իմ սեւ անբարեհաճությունը չափից ավելի մեծ է»,- շեշտել է պատգամավորը։
Միլոնովը շնորհակալություն է հայտնել Բաքվին այդպիսի արձագանքի համար, սակայն ընդգծել է, որ Ադրբեջանին հարկ է «խելքի գալ»։
«Քաղաքակիրթ պետությունը, որը փորձում է լինել համաշխարհային հանրության անդամը, իրեն այդպես չպետք է պահի։ Եվ եթե անգամ ձախ ուսին նստած են ԻԼԻՊ-ի գրոհայինները (ՌԴ-ում արգելված խմբավորում) եւ պարոն Էրդողանը, պարոն Ալիեւը չպետք է իրեն պահի որպես մարդ, որն իր անունը ընդմիշտ կմտցնի ադրբեջանական պատմության սեւ ցուցակների մեջ։ Քանի որ նա Ադրբեջանի որդիներին մղում է հակամարտության, եղբայրասպան պատերազմի, մահվան»,- նշել է ռուս խորհրդարանականը։
Միլոնովը հույս է հայտնել, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահները կընդունեն Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների դադարեցման մասին որոշում։
«Նրանք կարող են ինձ ցմահ ընդգրկել այդ ցուցակի մեջ, գլխավորն այն է, որ նրանք ցուցակների մեջ չընդգրկեն զոհված խաղաղ բնակիչներին։ Իսկ նրանք հենց դա են անում։ Նրանք պատերազմ են վարում, նրանք հիմա մարդասպաններ են, եւ մարդկանց արյունը նրանց ձեռքերին է, նրանց խղճի վրա։ Ինչպե՞ս են նրանք դրա հետ ապրելու։ Այ դա կտեսնենք»,- ամփոփել է Միլոնովը։
Խորհրդարանականը ՖԱՆ-ի հետ զրույցում շեշտել է, որ Ստեփանակերտ է եկել հումանիտար նպատակներով։
«Ինձ սեւ ցուցակի մեջ ընդգրկելը այն բանի խորհրդանիշն է, որ ագրեսոր քաղաքական գործիչները, որոնք Ղարաբաղում սպանդ են սանձազերծել, մտադիր չեն հակամարտությունը կարգավորելու խաղաղ հունով։ Ես զինվորական չեմ, լրտես չեմ եւ գաղտնի զենք չեմ։ Ես Ստեփանակերտ եմ ժամանել բացառապես հումանիտար նպատակներով եւ մարդկանց օգնելու մտադրությամբ։ Ո՞ւմ է հարկավոր սրումը։ Նրանց, ովքեր այս հողի վրա խաղաղություն չեն ուզում»,- հայտարարել է խորհրդարանականը։





























