Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների հետագա զարգացման եւ ամրապնդման համար մեծ ներուժ կա եւ այս առումով կարեւոր է միջխորհրդարանական գործակցության ակտիվացումը: Այս մասին այսօր` մայիսի 26-ին Երեւանում հայտարարել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի հետ հանդիպման ժամանակ:

ԱԺ մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ԱԺ նախագահը փաստել է, որ նրա պաշտոնավարման տարիներին երկու երկրների հարաբերություններն էլ ավելի զարգացան ու խորացան, ինչի արդյունքում  նաեւ խորհրդարանում իրականացվել են ծրագրեր, որոնք նպաստել են նաեւ Հայաստանի օրենսդրության համապատասխանեցմանը միջազգային չափանիշներին:

Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների հետագա զարգացման եւ ամրապնդման համար մեծ ներուժ կա եւ այս առումով կարեւորեց նաեւ միջխորհրդարանական գործակցության ակտիվացումը:

Դեսպան Յովանովիչը կարեւորել է հայ-ամերիկյան գործակցության հետագա ամրապնդումը եւ զարգացումը: Դեսպանը բարձր է գնահատել վերջին տարիներին օրենքների շուրջ Ազգային ժողովում կազմակերպվող  բաց քննարկումները:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ  երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի եւս:

Վերջում  Հովիկ Աբրահամյանը  հաջողություններ է մաղթել դեսպանին  նրա հետագա գործունեության մեջ` վստահություն հայտնելով,  որ նա միշտ կմնա Հայաստանի բարեկամը: