Այսօր` մայիսի 26-ին ժամը 18:40-ի սահմաններում Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից «Վարդաշեն» ՔԿՀ տեղափոխեցին մի ոստիկանի:
Ինչպես դատարանին NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հատուկ քննչական ծառայությունը երկամսյա կալանքի միջնորդությամբ դիմել էր դատարանին: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը դռնփակ դատական նիստում բավարարել է միջնորդությունը եւ Արտակ Գրիգորյանին ենթարկել երկամսյա կալանքի:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, մայիսի 24-ին, ժամը 00:30-ի սահմաններում, Կոմիտաս 16 շենքի դիմաց Ճանապարհային ոստիկանության Երեւանի 2-րդ հաշվառման քննական բաժանմունքի տեսուչ, ավագ լեյտենանտ, 42-ամյա Արտակ Գրիգորյանը վրաերթի էր ենթարկել երկու մարդու եւ փորձել խուսափել պատասխանատվությունից:
Արտակ Գրիգորյանը, վարելով Toyota Prado մակնիշի 91 NN 999 համարանիշի ավտոմեքենան վրաերթի էր ենթարկել հետիոտներ Իրանի քաղաքացիներ 16-ամյա Արդի Զարեհի Ավանոսյանի Հաջի Աբադեին (սովորում է Երեւանի թիվ 78 դպրոցի 11-րդ դասարանում) եւ 18-ամյա Արթուր Զարեհի Ավանոսյանի Հաջի Աբադեին (սովորում է Երեւանի պետական բժշկական համալսարանի 1-ին կուրսում): Տուժողները քույր ու եղբայր են:
Նրանք մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն: Հիվանդանոցում Արթուրը` գիտակցության չգալով մահացել էր, իսկ քույրը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Նրանք փողոցն անցնելիս են եղել հետիոտնի համար չնախատեսված վայրով:
Վրաերթ կատարող ոստիկանության աշխատակից Արտակ Գրիգորյանը դեպքի վայր ժամանած ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցներին հայտնել էր, որ իբր, ինքը սրճարանում նստած է եղել, որտեղից դուրս գալուց հետո տեսել է, որ իր Toyota Prado-ն չկա, առեւանգել են: Ավելի ուշ, ոստիկանության Արաբկիրի բաժնի, ՃՏՀ քննության բաժնի աշխատակիցներն ու ոստիկանության փորձաքրեագետները կարողացել են ապացուցել, որ ոչ մի առեւանգում չի եղել, եւ վրաերթը կատարել է Արտակ Գրիգորյանը:
Ավտոմեքենան տեղափոխվել էր ՃՈ տուգանային հրապարակ, իսկ քրեական գործը տեղափոխվել էր Հայաստանի հատուկ քննչական ծառայություն:










Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի



























