ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների վերջին հայտարարությունը էապես տարբերվում է նախորդներից։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց ղարաբաղցի պատգամավոր Գագիկ Պետրոսյանը։
Ինչպես նշեց պատգամավորը, նախ, Դմիտրի Մեդվեդեւը, Բարաք Օբաման եւ Նիկոլա Սարկոզին նշել են, որ «հատկապես ուժի կիրառումն է բերել ներկայիս վիճակի ստեղծմանը», եւ երկրորդ՝ կոչ են արել կապեր հաստատել առավել վստահ եւ ձգտել բոլորի կողմից ընդունելի կարգավորման հասնել:
Գագիկ Պետրոսյանի կարծիքով, նախագահների հայտարարությունը հիմնականում հասցեագրված էր Ադրբեջանին։
Նշենք, որ ֆրանսիական Դովիլ ավանում ընթացող «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահները մայիսի 26-ին համատեղ հայտարարություն էին ընդունել Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ։ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների ղեկավարները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին կոչ են արել «քաղաքական կամք ցուցաբերել եւ հունիսին կայանալիք իրենց գագաթնաժողովի ընթացքում ավարտին հասցնել կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքը»:




























