Լուսակերտի թռչնաֆաբրիկան չի բողոքարկել ՏՄՊՊՀ մարտի 30-ի այն որոշումը, որով թռչնաֆաբրիկան տուգանվել է 100 մլն դրամով: Այդ մասին այսօր` մայիսի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, Լուսակերտի թռչնաֆաբրիկան տուգանվել է գերիշխող դիրքը չարաշահելու համար` 2010 թ. դեկտեմբերին ձվի արհեստական դեֆիցիտ ստեղծելու միջոցով:

Սակայն մի քանի շաբաթ անց ընկերության իրավաբան Իրինա Հակոբյանը հայտարարեց, որ սույն որոշումը կբողոքարկեն դատարանում:

«Համաձայն գործող ընթացակարգերի` ընկերությունը կարող էր դատարան դիմել մինչեւ մայիսի 10-ը` հայցի պատճեն տրամադրելով նաեւ հանձնաժողովին: Սակայն հանձնաժողովը մինչ օրս ոչ մի փաստաթուղթ չի ստացել»,- ասաց Ա. Շաբոյանը: Ավելին` հանձնաժողովը փորձել է ճշտել դատարանից` արդյոք կա՞ համապատասխան հայցադիմում, սակայն պատասխանը նույնպես բացասական է: «Դիմել ենք վարչական դատարան` կազմել վճարման կարգադրություն եւ տրամադրել թռչնաֆաբրիկային»,- ասաց Ա. Շաբոյանը: