Մարտական գոտում իրավիճակը վերահսկելի է: Հակառակորդի տեղաշարժերն ու վերաբաշխումները նկատվում են ժամանակին եւ հիմնականում ճնշվում են հրետանային կրակով: Այս մասին նոյեմբերի 2-ի երեկոյան կայացած ճեպազրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ գիշերվանից թշնամին բազմիցս փորձել է առաջ շարժվել մի քանի ուղղություններով` հյուսիսային, կենտրոնական, հարավային: Փորձեր են ձեռնարկվել վաշտերի ու գումարտակների ուժերի կողմից, դրանք ճնշվել են, տեղ-տեղ հակառակորդին մղել են փակուղի ու ոչնչացնել:

Վաղ առավոտից Մարտակերտի, Մարտունու եւ հարավային մի շարք ուղղություններով կրկին հարձակման փորձեր են արվել: Բոլոր ուղղություններով, բացառությամբ Մարտունու, փորձերը կասեցվել են, հակառակորդը հետ է շպրտվել, իսկ որոշ դեպքերում հնարավոր է եղել հետապնդել: Դիրքային փոփոխություններ են տեղի ունեցել: Սակայն Մարտունու ուղղությամբ հակառակորդին հաջողվել է երկու դիրք գրավել՝ Շեհերի, Ճարտարի ուղղությամբ: Մարտերը շարունակվում են, թշնամին ակտիվորեն օգտագործում է հրետանի ու ինքնաթիռներ:

Ժամը 18: 00-ի սահմաններում հակառակորդը կրակ է բացել դիրքերի ու Դավիթ Բեկ գյուղի ուղղությամբ: Կա զոհ, նշեց Հովհաննիսյանը:

Պատասխանելով Դավիթ Բեկ գյուղի առաջին ռմբակոծության դեպքում պաշտպանության նախարարի խոստացած պատասխանի մասին հարցին`ՊՆ ներկայացուցիչը նշեց, որ համարժեք պատասխան ամեն օր է տրվում՝ «Սակայն պետք չէ մոռանալ, որ թշնամին կենդանի ուժի եւ տեխնիկայի առավելություն ունի, Թուրքիայի ուղղակի օգնություն։ Նրանց կորուստները մեր կորուստներից մի քանի անգամ շատ են: Բայց սա պատերազմ է, եւ ոչ փոքր»:

«Պատերազմը շարունակվում է: Թշնամին անընդհատ փորձում է առաջ շարժվել: Օգտագործում է իր ողջ ներուժը: Մեր բանակը գործում է գրագետ՝ հսկայական վնաս հասցնելով թշնամուն: Բայց ես վստահ եմ, որ մեր բանակը հստակ տիրապետում է իրավիճակին, օրեցօր այն ավելի փորձառու է դառնում, ավելի լավ է ճանաչում թշնամուն եւ նրա մտքերը, ավելի լավ է գտնում նրա բարձր տեխնոլոգիական միջոցների համար հակաթույնը: Ուստի վստահ եղեք՝ մենք հաղթելու ենք»,- եզրափակեց Արծրուն Հովհաննիսյանը: