Ռազմական գործողությունների արդյունքում խախտվել է Արցախից 33 հազար երեխայի կրթություն ստանալու իրավունքը: Այս մասին նոյեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար hԺաննա Անդրեասյանը:

Նրա խոսքով` սահմանափակվել է նաեւ Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի 10 հազար երեխայի կրթություն ստանալու իրավունքը, քանի որ նրանք ստիպված են հեռավար ռեժիմով  սովորել այդ թվում նաեւ աշնանային արձակուրդներից հետո (նոյեմբերի 13-ից հետո):

«Պատերազմի սկզբից Արցախում վնասվել է 61 դպրոց եւ 10 մանկապարտեզ: Հայաստանում ժամանակավորապես գտնվող արցախցի երեխաները հնարավորություն ունեն ներգրավվելու ուսումնական գործընթացին իրենց ամենամոտը գտնվող դպրոցներում` առանց որեւէ փաստաթուղթ տրամադրելու: Տեղեկություն ստանալու համար կարելի է դիմել ցանկացած պետական կամ համայնքային մարմին: Միաժամանակ նախատեսվում է ընդլայնել ուսումնական գործընթացը, որում առաջին հերթին ներգրավվելու են արցախցի ուսուցիչները»,- նշեց Անդրեասյանը:

Փոխնախարարը շեշտեց, որ աշնանային արձակուրդներից հետո տարրական դպրոցները, ամենայն հավանականությամբ, կանցնեն առերես ուսուցման, իսկ մնացած դեպքերում կարող է տարբերակված մոտեցում կիրառվել, այսինքն` կախված դպրոցից եւ բնակավայրից կկազմակերպվի կամ առերես, կամ հեռավար ուսուցում: Նա հավելեց, որ, հաշվի առնելով խնդրի արդիականությունը, քննարկվում է «Նախնական ռազմական ուսուցում» առարկայի, ինչպես նաեւ քաղաքացիական պաշտպանության ոլորտում պրակտիկ ուսուցման մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը: