Արցախում սանձազերծած պատերազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը, ի թիվս այլ արգելված զինատեսակների, Արցախի խաղաղ բնակավայրերի նկատմամբ կիրառել են նաև քիմիական տարրեր պարունակող զանգվածային ոչնչացման զինատեսակներ։ Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը, սակայն, հերքում է արցախյան կողմի հայտարարությունը՝ պնդելով, թե իրենց սպառազինության մեջ սպիտակ ֆոսֆորային զինատեսակներ չկան։ Ագրեսիվ պատերազմ վարող երկրում հավանաբար տեղյակ չեն, որ 21–րդ դարում  փորձագիտական ժամանակակից մեթոդներով հնարավոր է ոչ միայն ճշգրիտ հայտնաբերել զինատեսակի տեղակայման վայրը, գործարկման ժամանակը, կիրառման արդյունքում առաջացած ավերածությունների, հրկիզումների մասշտաբները, այլև պարզել, թե երբ և որ երկիրն է արտադրել այդ զինատեսակը և իրացրել, օրինակ, երրորդ երկրին։ Սպիտակ ֆոսֆոր պարունակող զինամթերքի վտանգավորության, կասետային ռումբերի և Արցախի դեմ կիրառված այլ արգելված զինատեսակների վերաբերյալ NEWS.am–ը զրուցել է Փորձաքննությունների ազգային բյուրոյի պայթյունատեխնիկական և հրդեհատեխնիկական փորձաքննությունների բաժնի պետ Դավիթ Մելքումյանի հետ։

Ի՞նչ վտանգ է իրենից ներկայացնում սպիտակ ֆոսֆոր պարունակող զինատեսակը, դրա կիրառումը ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ բնակչության, կենսաբազմազանության և էկոհամակարգի վրա։

Այս զինատեսակը պատկանում է այրող ռազմամթերքների դասին։ Գոյություն ունեն ինչպես մաքուր սպիտակ ֆոսֆոր պարունակող, այնպես էլ սպիտակ ֆոսֆորի օգտագործմամբ այլ այրվող բաղադրություններ պարունակող ռազմամթերքներ։ Այդ զինատեսակների օգտագործման հիմնական նպատակը հակառակորդի կենդանի ուժի, սպառազինության և զինտեխնիկայի ոչնչացումն է։ Ֆոսֆորային զինատեսակներն ունեն արտադրության տարբեր տեսակներ՝ ավիացիոն ռումբեր, ավիացիոն բակեր (տարողություններ, որոնք պարունակում են նմանատիպ նյութեր), հրետանու արկեր եւ ականներ, ինչպես նաեւ ձեռքի նռնակներ։ Նման զինատեսակները սկսել են օգտագործվել դեռեւս 19-րդ դարից, իսկ առավել լայն կիրառում ստացել են Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Ցավոք, այս զինատեսակը պրակտիկ նշանակություն ունի նաև ժամանակակից պատերազմներում։ Սպիտակ ֆոսֆորը ինքնաբոցավառվող նյութ է, այրվում է օդում թթվածնի առկայության՝ 34-40 աստիճանի պայմաններում։ Սպիտակ ֆոսֆորի այրման ժամանակ առաջանում է մինչեւ 1300°C ջերմաստիճան։ Այս ռազմամթերքի կիրառումը անդառնալի հետևանքներ կարող է թողնել ինչպես մարդկանց, այնպես էլ էկոհամակարգի վրա։ Սպիտակ ֆոսֆորը թունավոր նյութ է և անգամ 0,05-0,15 գրամի ներթափանցումը մարդու օրգանիզմ, կարող է մահացու հետևանք ունենալ։ Ֆոսֆորի այրման ժամանակ արտանետված թանձր ծխի  ներշնչումը կարող է հանգեցնել սուր թունավորման։

Սպիտակ ֆոսֆորի հետևանքով առաջացած հրկիզումները ջրով հանգցնելուց հետո, ցանկալի է տարածքը պատել խոնավ ավազի շերտով կամ չոր հողազանգվածով։ Սակայն կարևոր է հաշվի առնել, որ սպիտակ ֆոսֆորը այրվում է օդի առկայությամբ` մինչեւ իր ամբողջական սպառումը կամ թթվածնի հոսքի դադարեցումը։ Այսինքն, եթե նույնիսկ կրակը մարվի և տվյալ հատվածը ծածկվի հողով, ամբողջական չեզոքացումը հնարավոր է միայն քիմիական ճանապարհով՝ մնացորդային զանգվածը ոչնչացնելով։ Ժամանակին եղել են դեպքեր, երբ ֆոսֆորային ռազմամթերքի պահեստներ են այրվել և կրակը հանգցնելուց մեկ շաբաթ անց կրկին հրդեհ է բռնկվել։

Ժամանակակից փորձագիտական ի՞նչ մեթոդներով է հնարավոր պարզել քիմիական տարրեր պարունակող զինատեսակների արտադրման երկիրը, գործարկման վայրը, հասցրած վնասների չափը։

Պայթյունատեխնիկական փորձաքննությունների ժամանակ տարաբնույթ պայթուցիկ նյութերի եւ այլ քիմիական նյութերի հայտնաբերման համար կիրառվում են քիմիական բնագավառի հայտնի մեթոդները, իսկ անհրաժեշտության դեպքում օգտագործվում են հատուկ սարքավորումներ։ Ֆոսֆորի կամ դրա արգասիքների առկայության պարզումը այնքան էլ բարդ աշխատանք չէ, և դրա համար նոր սարքավորումներ կիրառելու անհրաժեշտություն չկա։

Իսկ ինչ վերաբերվում է զինատեսակի արտադրման երկրին, ապա դեպքի վայրում հայտնաբերված ռազմամթերքի իրանների նույնականացմամբ, դրանց վրա առկա հնարավոր մակնշումների միջոցով հնարավոր է տեղեկատվություն ստանալ արտադրող երկրի, գործարանի, արտադրման տարեթվի  վերաբերյալ։

Ինչու՞ և միջազգային ի՞նչ փաստաթղթերով է արգելված այս զինատեսակների կիրառումը։

Ֆոսֆորային կամ այրվող ռազմամթերքների կիրառման կամ նրանց շրջանառության սահմանափակման վերաբերյալ միջազգային մի շարք կոնվենցիաներ կան։ Օրինակ, «Պայթուցիկ եւ այրվող գնդակների օգտագործման արգելման մասին» 1868 թվականի սանկտպետերբուրգյան դեկլարացիան, որը վերաբերում էր կոնկրետ գնդակների օգտագործման արգելքին։ Սակայն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ այս դեկլարացիան էլ խախտվեց, եւ այս զինատեսակները շարունակվեցին կիրառվել։ Ժամանակակից միջազգային փաստաթղթերից կարելի է նշել «Պատերազմի զոհերի պաշտպանության մասին» 1949 թվականի Ժնեւյան կոնկվենցիան եւ 1977 թվականի արձանագրությունը, որոնցով արգելվել է ֆոսֆորային ռազմամթերքների կիրառումը, եթե դրա հետեւանքով վտանգի են ենթարկվում քաղաքացիական անձինք, ինչպես նաև «Սովորական զենքի կոնկրետ տեսակների մասին կոնվենցիայի» (1980 թ.) 3-րդ արձանագրությունը։

Ելնելով այս կոնվենցիաների եւ համաձայնագրերի արձանագրություններից՝ պետք է նշել, որ նմանատիպ նյութեր արտադրող գործարանները գտնվում են հսկողության ներքո, այսինքն որոշակի քանակություններից ավելի արտադրողները պետք է վերահսկվեն եւ հաշվետու լինեն իրենց արտադրանքների վերաբերյալ. արտադրության, տեղափոխման եւ վաճառքի մասին ամբողջ ինֆորմացիան պետք է հայտնի լինի միջազգային հանրությանը։

Ի՞նչ հետևանքներ կունենա Ադրբեջանի համար ֆոսֆորային զենքի կիրառումը, եթե միջազգային կառույցները հստակ արձանագրեն Արցախի խաղաղ բնակավայրերում դրա կիրառման փաստը։

Ադրբեջանական կողմից ֆոսֆորային ռազմամթերքների կիրառումը ոչ թե խնդիր է հետապնդում հակառակորդի ռազմական նշանակության օբյեկտների ոչնչացման, այլ բնակավայրերի թիրախավորմանը և հնարավորինս ավելի վնաս հասցնելուն. այսինքն՝ ոչնչացնել անտառային զանգվածները, վնաս հասցնել բնակչությանը, իսկ առաջացրած ծխի եւ հրդեհների պատճառով հնարավորինս դժվարացնել այդ տարածքներում զորքերի տեղաշարժը, ինչն ընդհանուր առմամբ նաև  բարոյահոգեբանական ազդեցություն է թողնում զորքերի վրա։

Երբ նշանակվեն համապատասխան փորձաքննություններ նմանատիպ զինատեսակների կիրառման փաստը հաստատելու եւ արձանագրելու համար, այդ տվյալները համապատասխան մարմինների միջոցով կփոխանցվեն միջազգային ատյաններ, և նրանց կողմից կոնկրետ գնահատական կտրվի այդ գործողություններին։ Պատասխանատվությունը ենթադրում է նաև սանկցիաներ այն երկրների նկատմամբ, որոնք կատարել են նմանատիպ ռազմամթերքների վաճառքներ՝ առանց նախապայմանների։

Ներկայումս բազմաթիվ ապացույցներ կան Արցախում քաղաքացիական բնակչության դեմ կասետային զինամթերքի լայնածավալ և նպատակային օգտագործման վերաբերյալ։ Կան դեպքեր, երբ կասետային ռումբերը չեն պայթել։ Կա՞ վիճակագրություն, թե կասետային ռումբերի քանի տոկոսը չի պայթում։

Առկա գրականության մեջ նմանատիպ փաստեր չկան, կան վերլուծություններ, տարբեր թվեր են նշվում, բայց հիմնականում խոսքը վերաբերում է  25-40 տոկոսին։

Առհասարակ, չպայթած  զինամթերքը ի՞նչ վտանգ է ներկայացնում բնակչության համար։ Անվտանգության ի՞նչ կանոններ կան, որոնք պետք է իմանան և պահպանեն մարտական գործողությունների կիզակետում գտնվող մեր քաղաքացիները։

Կասետային ռազմամթերքները եւս այն ռազմամթերքների դասին են պատկանում, որոնց կիրառումը քաղաքացիական օբյեկտների նկատմամբ խիստ սահմանափակված է կամ արգելված։ Նմանատիպ օբյեկտների հայտնաբերման դեպքում, անվտանգության նորմերից ելնելով, պետք է ձեռնպահ մնալ դրանց մոտենալուն, առավել եւս դիպչելուն։ Մեծ է հավանականությունը, որ մարդիկ, չտիրապետելով ռազմամթերքի մասին որեւէ ինֆորմացիայի, կարող են անզգուշաբար բերել չդետոնացված կամ չպայթած մասերի կամ տարրերի պայթյունների, որը կարող է բերել նոր զոհերի։ Նմանատիպ օբյեկտներ հայտնաբերելուց պետք է ահազանգել համապատասխան մարմիններին։ Ինչպես գիտեք, Արցախում նմանատիպ ռազմամթերքների չեզոքացմամբ զբաղվում է Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Խորհուրդ կտամ հնարավորինս կարգապահության, զգոնություն ցուցաբերել ցանկացած ռազմամթերքի օգտագործման ժամանակ։ Առհասարակ նման իրավիճակներում կայուն վարքագծի դրսեւորումը զինվորականների եւ քաղաքացիական բնակչության կողմից բերում է ռիսկերի նվազման։

 Թագուհի Մելքոնյան