Կոտայքի մարզի Ակունք գյուղից Մայիս Արամյանը  մարզի տարբեր բնակավայրերից իր ընկերների հետ պատերազմի առաջին օրվանից լծված են Արցախից Հայաստանում ապաստանած քաղաքացիներին կացարաններով, սննդով, հագուստով և այլ անհրաժեշտ միջոցներով  ապահովելու գործին։  Տղաները մինչև օրս 22 կացարանում տեղավորել են 183 արցախցու։

 «Սկզբնական օրերում ամեն ինչ մենք մեր ուժերով ենք արել, բայց քանի որ ընտանիքներն ավելանում էին, հասկացանք, որ մեր ուժերից վեր է, որոշեցինք տարբեր տեղեր դիմել, մարդիկ արձագանքեցին ու սիրով օգնեցին՝ ով ինչով կարող էր»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մայիս Արամյանը։

Աբովյան, Ակունք, Սարալանջ, Մայակովսկի, Նոր գյուղ բնակավայրերում արցախցիների մեծ մասին իրենց տներում ապաստան են տվել տեղի ընտանիքները, որոշներն էլ բնակվում են ազատ բնակարաններում։ Կացարանների համար ոչ ոք գումար չի պահանջում, պարզապես  հիմա, հատկապես եղանակի ցրտելու հետ, մեկ այլ խնդիր է առաջացել՝ կոմունալների ծախսը։

«Մենք ֆինանս չենք ուզում, եթե հնարավոր է՝ պետությունն այդ 22 բնակարանների կոմունալները թող զեղչի։ Սոցապնախարարություն դիմել ենք, մանրամասնել ենք, թե քանի հոգի են գտնվում մեր աջակցության ներքո, սպասում ենք, տեսնենք՝ ինչ կլինի»,– ասաց Մայիսը։

Ով ինչով կարողանում՝օգնում է, ամեն մեկն իր հնարավորության  սահմանում։ Նոր գյուղից Արթուր Գասպարյանը ապահովում է մսամթերքը. արդեն հինգ կով է մորթել սեփական գոմից։

«Մենք էլ էստեղ ենք ուզում լավ լինի, որ ռազմաճակատում ուժեղ լինեն,  իմանան, որ իրենց երեխաներին տեր ենք կանգնել»,– նշում է նա։

Հայրենիքի սահմանները պաշտպանող տղաներին ևս աչքաթող չեն արել։ Մի քանի անգամ սնունդ ու այլ անհրաժեշտ պարագաներ են ուղարկում սահման։

«Մենք պարտավոր ենք այս ամենն անել, որովհետև սահմանում կանգնած զինվորների, սպաների, կամավորների շնորհիվ է, որ մենք այս պահին այստեղ ենք ու կարողանում ենք այսքան բան անել»,– ընդգծեց Մայիս Արամյանը՝ հավելելով, որ հարկ եղած դեպքում պատրաստ են միանալ ռազմաճակատում կռվող տղաներին։

Արցախցի երկու քույրերի և Հարությունյանները ընտանիքները Մայիսի և իր ընկերների ջանքերի շնորհիվ ապաստանել են Նոր գյուղում։ Քույրեր՝ տիկին Էմմայի ու Ռայայի բազմանդամ ընտանիքը տեղավորվել է Մարջան Ավետիսյանի հայրական տանը, որում բնակվող չկար։

«էս մարդիկ իրենց չունեցածից էլ մեզ օգնեցին, իրենք էլ ամեն ինչի կարիք ունեն, բայց էնպիսի ջանասիրություն ցուցաբերեցին, որ ես կյանքում չեմ մոռանա։ Սիրտս հանգիստ է, որ հաղթանակ կլինի, որովհետև մի բուռ ենք, բայց պինդ ու հերոս ժողովուրդ ենք»,– ասաց էմմա Հակոբյանը։

Տիկին Մարջանի այցելությունն այս ընտանիքի համար միշտ ուրախության առիթ է. արցախցիները փոքր–ինչ ցրվում են, պատերազմի մասին անվերջ խոսակցություններին մի քիչ ժպիտ ու ծիծաղ է ավելանում։

«Երբ նոր էին եկել էին, առավոտյան այցելեցի, շատ տխուր ու ընկճված էին։ Մթնոլորտը փոխեցի ինչքան որ կարողացա։ Տղաներն ու ես ամեն ինչ անում ենք, որ իրենց լավ զգան։ Ինձ շատ հարազատ մարդիկ են դարձել»,– նշեց Մարջան Ավետիսյանը։

Փիրուզա Հարությունյանը երկու դուստրերի, մոր, եղբոր կնոջ ու երեխաների հետ ևս ապաստանել են Նոր գյուղում։ Նրա երեք եղբայրները, ամուսինն ու ամուսնու երկու եղբայրներն առաջնագծում են։

«Ասում են՝ լավ ենք, հաղթելու ենք»։

Օտար մարդկանց հոգատարությունից ու ջերմությունից շնորհակալ արցախցիներն ու նրանց աջակցողները  միմիայն խաղաղություն են ուզում։

Արցախցի բնակիչներին օգնություն տրամադրող ցանկացողները կարող են կապվել Մայիս Արամյանի հետ՝ հեռախոս՝ 094 63 90 06։