Թուրքիաի կողմից ցանկացած առաջարկ քննարկելը արդեն նշանակում է, որ մենք կարող ենք հաշտվել այն մտքի հետ, որ Թուրքիան կարող է լինել բանակցային գործընթացի մաս: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ անդրադառնալով նրանով, որ CNN-ը՝ վկայակոչելով Անկարայում իր դիվանագիտական աղբյուրներին, գրել էր, որ Պուտին-Էրդողան հանդիպում է եղել, և նշվում էր, որ թուրքական կողմը բանակցությունների նոր ձևաչափի մասին է խոսում, ըստ որի՝ ԵԱՀԿ-ից դուրս կարող է այլ հարթակ ստեղծվել բանակցությունների համար:
«Ղարաբաղի հետ կապված Թուրքիայի ցանկացած առաջարկ ունի մեկ նպատակ, գալ բանակցությունների սեղան: Իսկ մենք բազմիցս ասել ենք, որ Թուրքիան պատերազմի սադրիչ է եւ չի կարող լինել խաղաղության կողմնակից եւ չի կարող բերել խաղաղության օրակարգ:
Ես չունեմ տեղեկություններ, թե ինչ քննարկումներ են լինում Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ: Միգուցե լինի անվտանգության խորհրդի նիստ եւ ԱԳ նախարարը որոշակի փակագծեր բացի նաեւ այդ ուղղությամբ: Այդ դեպքում մենք կարող ենք որոշակի պատկեր հասկանալ թե Թուրքիայի մտադրությունների, թե Ռուսաստանի դիրքորոշման վերաբերյալ»,-ընդգծեց Սամսոնյանը:











