Մոսկվան հույս ունի, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական բոլոր գործողությունների լիարժեք դադարեցման մասին Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի առաջնորդների հայտարարությունը կկատարեն բոլոր ստորագրած կողմերը: Այս մասին RTVI հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Փաստաթուղթը հայտարարության կարգավիճակ ունի: Մենք ելնում ենք նրանից, որ այն պետք է կատարեն բոլոր կողմերը, որոնք ստորագրել են այդ փաստաթուղթը, իսկ ստորագրությունները դրված են»,-ասել է նա, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Զախարովան կոչ է արել տվյալ փուլում չքննարկել «այդ փաստաթղթի չիրականացման սցենարները»: «Եկեք խոսենք այն մասին, թե ինչ անել, որպեսզի այն կատարվի: Իսկ դրա համար քիչ բան չի արվում»,-հավելել է նա՝ հիշեցնելով, որ հայտարարությունը դարձել է փոխզիջման արդյունք, եւ բոլոր կողմերը ստորագրել են դրա կատարման անհրաժեշտության տակ:




























