Թուրքիան պետք է ընդունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի կնքած զինադադարի պայմանները, հակառակ դեպքում ԵՄ-ն կարող է լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել այդ երկրի դեմ: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը՝ ելույթ ունենալով Ֆրանսիայի Ազգային ժողովի նիստում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Այս գիշերվա իրադարձություններից հետո կնքված համաձայնագրի մասով, որը չէինք հասցրել մեկնաբանել նախորդ օրը՝ մենք կարեւորում ենք, որ Թուրքիան բացարձակապես խստորեն պահպանի համաձայնեցված հրադադարը, քանի որ հակառակ դեպքում դա սպառնում է պատժամիջոցների մեծացմամբ, որոնք կարող են կիրառվել նրա դեմ»,- ասել է ֆրանսիական դիվանագիտության ղեկավարը՝ պատասխանելով պատգամավորի այն հարցին, թե ինչ ազդեցություն ունի Թուրքիան Լեռնային Ղարաբաղում իրադարձությունների վրա:

Նախարարը հստակեցրել է, որ դեկտեմբերին ԵՄ երկրները կանցկացնեն հերթական գագաթաժողովը, որում, իմիջիայլոց, կքննարկվի Թուրքիայի ագրեսիվ պահվածքը: «Ավելի վաղ միության 27 երկիր արդեն որոշում է կայացրել, որ եթե Թուրքիան չփոխի իր վարքագիծը, ապա դրա դեմ միջոցներ կձեռնարկվեն, ներառյալ՝ պատժամիջոցները. Այդ տարբերակներն արդեն սեղանի վրա են»,- ընդգծել է նա:

«Ես բազմիցս խոսել եմ Թուրքիայի ռազմաշունչ եւ անընդունելի պահվածքի մասին: Նախագահ Էրդողանը մեր երկրի նկատմամբ ատելության կոչ է անում եւ վիրավորում է այն արժեքները, որոնց վրա հիմնված է մեր ազգը, ասել է Լե Դրիանը: - Ես ի գիտություն եմ ընդունել, որ վերջերս Թուրքիայի իշխանությունները դատապարտել են Նիցցայում եւ Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչությունները, բայց մենք դեռ սպասում ենք պարզաբանումների: Նախեւառաջ, սա վերաբերում է Ֆրանսիային հանդեպ հայտարարություններին, որոնք իրականում կոչ են անում այն ընկալել որպես իսլամաֆոբ երկիր»: