Սեուլում այսօր տեղի է ունեցել անօդաչու թռչող տաքսիների եւ փոստային դրոնների ցուցադրություն, իրադարձությունների վայրից փոխանցում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Միջոցառումը կազմակերպվել է Հարավային Կորեայի տրանսպորտի նախարարության եւ Սեուլի քաղաքապետարանի համատեղ ուժերով եւ կոչված է ցուցադրելու քաղաքային օդային տրանսպորտի ոլորտում հարավկորեական մշակումները, որոնք կարող են սկսել համատարած օգտագործվել արդեն մի քանի տարի հետո։
Անօդաչու օդանավերի կառավարումն ու թռիչքի համաձայնեցումն իրականացվում է K-drone անվանումը ստացած համակարգով, որը ստեղծել են հարավկորեացի ինժեներները։ Ներկայումս այն կարող է ապահովել օդում մի քանի սարքերի միաժամանակյա անվտանգ գտնվելը, իսկ հետագայում դրա հնարավորությունները զգալիորեն կընդլայնվեն։
Սրանք աշխարհում առաջին անօդաչու տաքսիների եւ բեռնատար դրոնների թռիչքներն են, որոնք անցկացվում են մեգապոլիսի կենտրոնում, նշել են կազմակերպիչները։ Թռիչքային հրապարակը խորհրդանշականորեն տեղակայված է Հանգան գետի ափին՝ Յոյդո բիզնես թաղամասում, որտեղ նախկինում եղել է ոչ մեծ օդանավակայան։ Այս տարի ավելի վաղ նման փորձարկումներ են անցկացվել Հարավային Կորեայի անմարդաբնակ շրջաններում։
Չինական արտադրության անօդաչուն, որը կարող է տեղափոխել 2 ուղեւորի, հաջողությամբ օդ է բարձրացել՝ գետի վրա կատարելով մի քանի շրջան եւ վայրէջք է կատարել նույն վայրում։ Օդում միաժամանակ մի քանի մանր փոստային դրոններ են եղել, իսկ K-drone համակարգը համաձայնեցրել է դրանց շարժումը՝ վերահսկելով բարձրությունը, արագությունը եւ թռիչքի ուղղությունը, դրանով թույլ չտալով վտանգավոր իրավիճակների առաջացում։
Կազմակերպիչների խոսքով՝ Հարավային Կորեայում օդային տաքսու ստեղծման վրա հիմա աշխատում են երկու ընկերություններ՝ Hanwha-ն եւ Hyundai-ն։ Միջոցառմանը երկուսն էլ ներկայացրել են իրենց մշակումների մանրակերտերը՝ 1:3 մասշտաբով։ Նրանց ներկայացուցիչների խոսքով՝ նախատեսվում է աշխատանքային նախատիպերը ստեղծել 2022 թվականին, իսկ 2025 թվականին սկսել կոմերցիոն արտադրությունը։ Երկու դրոն տաքսին էլ կարող են օդ բարձրանալ եւ վայրէջք կատարել ուղղաձիգ եւ միաժամանակ տեղափոխել 5 մարդու։
Անօդաչու օդային տաքսիի աշխատանքի լիարժեք թողարկումը նախատեսվում է 2028 թվականին, նշել են երկրի տրանսպորտի նախարարության ներկայացուցիչները։





























