Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներ տեղակայելու համար չի պահանջվում ՌԴ Դաշնային խորհրդի թույլտվությունը, քանի որ շարունակում է գործել 2015 թվականի սեպտեմբերին վերին պալատի որոշումը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հայտնում է «Ինտերֆաքսը»։
«Դրա ուղղակի անհրաժեշտություն չկա, որովհետեւ 2015 թվականի սեպտեմբերի 30-ին եղել է ՌԴ ԴԺ Դաշնային խորհրդի №355-СФ որոշումը, որով Ռուսաստանի նախագահին համաձայնություն է տրվում զինված ուժերն օգտագործելու Ռուսաստանի տարածքի սահմաններից դուրս՝ միջազգային իրավունքի համընդհանուր ընդունելի սկզբունքների եւ նորմերի հիման վրա»,- այսօր լրագրողներին ասել է Պեսկովը։
Հստակեցնող հարցին՝ սա նշանակո՞ւմ է արդյոք, որ ՌԴ նախագահը հիմա Դաշնային խորհրդին դիմելու անհրաժեշտություն չունի՝ ՌԴ սահմաններից դուրս ռուսական բանակն օգտագործելու համար, Պեսկովը պատասխանել է․ «Քանի դեռ այդ որոշումը գործում է, իսկ այն գործում է, չի փոփոխվել, համանման որոշումների ընդունման համար կա այդպիսի իրավաբանական հիմք՝ միջազգային իրավունքի համընդհանուր ընդունելի սկզբունքների եւ նորմերի հիման վրա»։





























