Հաշվի առնելով առկա փորձը` Ֆրանսիայի Սենատը ավելորդ համարեց Ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվության ենթարկելու օրենքի ընդունումը: Այդ մասին հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն մամուլի ասուլիսում:
Հարցին, թե ինչո՞ւ Սենատը մերժեց համապատասխան օրենքի ընդունում, երբ կա Հոլոքոսթի ժխտումը դատապարտող օրենք, ֆրանսիացի դիվանագետը պատասխանել է, թե լինելով գործադիր մարմնի անդամ, չի կարող մեկնաբանել օրենսդիր մարմնի գործողությունները: Այդուհանդերձ, ըստ դեսպանի, Սենատն ավելորդ է համարել օրենքի ընդունումը` հաշվի առնելով առկա փորձը: Նա նշել է, թե արդարադատության նախարարը հանձնարարել է հետեւել եւ պատժել Հայոց ցեղասպանության ժխտման բոլոր մեղավորներին: Այսինքն, հաշվի է առնվել, որ կան բավարար միջոցներ առանց նման օրենքի ընդունման նման դեպքերի պատժման համար:
Ֆրանսիայի Սենատը մայիսի 4-ին մերժել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Այն քվեարկությունից հանելու օգտին քվեարկել է 196, դեմ` 74 սենատոր:



























