Հենց հիմա ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին տանում են ԱԱԾ, դու կրկին վախկոտի նման պատսպարվում ես, հենց հիմա մտել են ԲՀԿ-ական պատգամավորների տները, ՔԿ-ից ծանուցագրեր են ուղարկում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքին ասաց ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը։

«Հենց հիմա Գագիկ Ծառուկյանին տանում են ԱԱԾ, դու կրկին վախկոտի նման պատսպարվում ես, հենց հիմա մտել են ԲՀԿ-ական պատգամավորների տները, ՔԿ-ից ծանուցագրեր են ուղարկում։ Մեզ ես կալանավորելո՞ւ, այստեղ ենք, կարող եք գալ այստեղ։ Հարգելի ոստիկաններ, տուն մի գնացեք, մեր ընտանիքներին մի կպեք։ Ես հասկանում եմ, որ ընտանիք, սրբություն, երեխա, ծնող ձեր համար արժեք չունի»,- ասաց Իվետա Տոնոյանը։

Պատգամավորը նշեց, որ վարչապետն այս օրերին պատսպարվում է Ազգային անվտանգության ծառայության եւ Ոստիկանության թիկունքում.

«Անթասիբ Նիկոլ Փաշինյան, որտե՞ղ ես դու, համարձակություն ունեցիր, դուրս արի ժողովրդի մեջ, դուրս արի ամերիկյան դեսպանատների հովանավորչությունից, պադվաներից, սորոսի գրասենյակի հովանավորչությունից։ Արի, կանգնիր ժողովրդի դիմաց ու ասա՝ ինչու վաճառեցիր Արցախը, ինչու դավաճանեցիր հայ ժողովրդին։ Այսօր դու պատսպարվում ես Ազգային անվտանգության ծառայության թիկունքում, Ոստիկանության թիկունքում։ Այն Ոստիկանության, որի զոհված 21 ոստիկանների անուններն անգամ պաշտոնապես մինչեւ էս պահը չես հայտարարել, մինչեւ հիմա այդ անունները չկան զոհերի պաշտոնական ցուցակում։ Անգամ ոստիկանների արժանապատվությունն ես պղծել։ Ունեցիր արժանապատվություն մտիր քո շատ սիրելի «Ֆեյսբուք», մտիր ուղիղ եթեր, ծնկի իջիր, ներողություն խնդրիր հայ ժողովրդից, Արցախի ժողովրդից ու հրաժարական տուր»։