Շատ ցավ եմ ապրում, որ մենք գտնվում  ենք այսպիսի ցավալի վիճակում: Այս մասին այսօր` նոյեմբերի  15-ին, դատարանի բակում լրագրողներին ասաց  «Չկրակված փամփուշտներ» ֆիլմի ռեժիսոր Սամվել Թադևոսյանը ` անդրադառնալով Լեգենդար Սիսական ջոկատի հրամանատար, գնդապետ, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի դափնեկիր Աշոտ Մինասյանի ձերբակալությանը:

«Իմ խորին համոզմամբ այսօր այստեղ գտնվում ենք, որովհետեւ այդպիսի բացառիկ կենսագրություն, ինչպիսին ունի գնդապետը Աշոտ Մինասյանը հանկարծ ինչ-որ բանսարկության, անհասկանալի պատմությունների պատճառով հայտնվել է  դատարանում եւ բոլորիս հայտնի  է` ինչ մեղադրանքով: Եւ զայրույթը, վիրավորվածությունը բոլորիս բերել է այստեղ, որ պարզվի մեր իշխանություններից, թե որքան պիտի հետապնդվի, որքան պիտի մենք մեր հերոսներին վարկաբեկենք: Շատ ցավ եմ ապրում, որ մենք գտնվում  ենք այսպիսի ցավալի վիճակում»,- ասաց նա:

Ռեժիսորի խոսքով` մենք հիմա գտնվում ենք մի բացառիկ անհասկանալի վիճակում, որ իշխանությունները բոլոր պատերազմի բովով անցած, բոլոր նշանավոր  գնդապետներին, գեներալներին, վարկաբեկում են, անպատվում են եւ փորձում են իրենց ներկայացրած պատմությունները փորձում են վերագրել էդ մարդկանց, ինչը հարիր չէ:

«Մենք պետք է  հասկանանք` այս ամենը ինչով է ավարտվելու, մեր գերկենտրոնացումը պետք է լինի նրան, որ կարողանանք համախմբել մեր ուժերը,  կարողանանք մեր բոլոր բացթողումները, որոնք կատարվել են նախորդ իշխանությունների օրոք եւ զբաղվել այս Հայաստանով: Ձմեռը վրա է տալիս, ովքեր են հոգալու 80 հազարից ավելի փախստականների հարցերը: Ես լավատես եմ, վստահ եմ, որ չենք թույլ տալու ոչ  մի ագրեսիա հետայսու»,- հավելեց նա:

Նշենք, որ  Աշոտ Մինասյանը ձերբակալվել է ՀՀ ՔՕ 35-300-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության յուրացման եւ 35-305-րդ հոդվածի՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման) եւ 235-րդ հոդվածի (ապօրինի զենք զինամթերք պահելու) կասկածանքով: