Apple-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ արդիական շարքի սմարթֆոնները կարող են խաթարել լսողական սարքերի աշխատանքը: Այս մասին հայտնում է MacRumors հրատարակությունը՝ վկայակոչելով ընկերության նյութերը:
Apple-ի կայքի տեխնիկական աջակցության բաժնում հայտնվել է նոր փաստաթուղթ, որը նկարագրում է լսողական սարքերի խնդիրները: Ընկերության մասնագետները նկատել են, որ որոշ դեպքերում iPhone 12 շարքի սարքեր ու լսողության խանգարումներ ունեցողների համար նախատեսված պարագաներ օգտագործողները կարող են նկատել որոշ աուդիոարտեֆակտներ: Մասնավորապես, սմարթֆոնի հետ զուգակցված ականջակալը կարող է կողմնակի ձայն վերարտադրել, օրինակ՝ ճռռոց կամ սուր եւ ուժեղ աղմուկ, հաղորդում է Lenta-ն:
Apple-ի ինժեներները նշել են, որ ընկերությունը խոստովանում է լսողական սարքերի հետ կապված խնդիրները եւ խոստանում է հետագայում ուղղել սխալները: Ուղղումներին սպասելիս մասնագետները խորհուրդ են տվել սմարթֆոնները թարմացնել մինչեւ iOS 14.2 արդիական տարբերակ: Լրագրողները նշել են, որ իրենք տեղյակ չեն հին iPhone-ների հետ կապված նմանատիպ դեպքերից: Հրապարակման համաձայն, iPhone-ների օպերացիոն համակարգի հաջորդ տարբերակը` iOS 14.3-ը, արդեն հասանելի է մշակողների համար:





























