ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը վստահեցրել է, որ եթե ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ, բացատրություններ պահանջեն Թուրքիայի եւ Լեռնային Ղարաբաղի հարցով, ապա կստանան դրանք, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Կասկած չկա, որ եթե Մինսկի խմբում մեր գործընկերները բացատրության կարիք ունենան, ապա մենք այդ բացատրությունը կտանք: Ավելին, այժմ ղարաբաղյան գործերի հարցով մեր դիվանագիտական գերատեսչությունների գծով մշտական շփումներ են իրականացվում»,-ասել է Պեսկովը:

Նրա խոսքով՝ Կրեմլը չէր ցանկանա մեկնաբանել Թուրքիայի հանրապետության հետ համանախագահների երկկողմ հարաբերությունները:

«Մենք ունենք մեր երկկողմ հարաբերությունները, որոնք մեզ համար թանկ են: Ինչ վերաբերում է համանախագահների համատեղ կարգավիճակին, ապա, իհարկե, մեզ համար կարեւորը խաղաղությունը պահպանելն է, որը վերջերս հաստատվեց Լեռնային Ղարաբաղում: Կարեւոր է նաեւ բոլոր տեղահանվածների, փախստականների վերադարձն ու խաղաղության պահպանման մոնիթորինգը»,-հավելել է Պեսկովը: